Ուղեղը մեքենա՞ է արդյոք

Այսօր մենք չենք կարող ստույգ պատասխան տալ այն հարցին, թե մեքենան կարո՞ղ է ստեղծագործել (նկատի ունենք իսկական, ինքնօրինակ ստեղծագործումը): Մնք կարող ենք լոկ ենթադրություններ անել: Իսկ ենթադրությունները խիստ կախված են մեր համոզմունքներից: Եթե մենք համարում ենք, որ ուղեղը մեքենա է, նշանակում է, եթե ոչ գործնականում, ապա սկզբունքորեն կարող ենք ստեղծել դրա նման մի մեքենա: Բայց եթե մենք պնդում ենք, որ ստեղծագործական բանականությունը մեքենա չի հանդիսանում, այսինքն՝ եթե մենք ուղեղը դիտարկենք վիտալիզմի դիրքերից, համարելով, որ նրա գործողության հիմքում ընկած է մատերիալիզմի հասկացություններով չբացատրվող մի ինչ-որ կենսական ուժ, այդ դեպքում ավելորդ է հուսալ, թե այդպիսի մեքենա ստեղծելը հնարավոր է:

Նյուելլը, Շոուն և Սայմոնը քաջ համոզված են (և բացահայտ կերպով հայտարարում են այդ մասին), որ մարդու վարքը բնութագրվում է բարդ, բայց միանգամայն որոշակի և վերջավոր թվով օրինաչափությունների կոմպլեքսով: Նրանց կարծիքով, եթե մենք ուզում ենք «մեքենայական» եղանակով ստեղծել այնպիսի ստեղծագործություններ, որոնք չեն զիջում մարդկային բանականության ստեղծագործություններին, ապա մենք պետք է հայտնաբերենք այդ օրենքները և մշակենք բավականին բարդ, այդ օրենքներն ու դրանց հետ կապված մյուս հարցրը հաշվի առնելու ընդունակ մի մեքենա ու ծրագիր: Բացառված չէ, որ այդ խնդրի գործնական իրականացումը հնարավորության սահմաններից դուրս է: Բայց այս ձևով ձևակերպված խնդիրը թույլ է տալիս դրված հարցին տալ ներկայումս հնարավոր պատասխաններից ամենալավագույնը. եթե ուղեղի ստեղծագործական մեթոդները կարելի է բերել հաշվիչ մեքենայի համար մատչելի ձևի, այդ նշանակում է, որ ստեղծագործական ընդունակություններով օժտված մեքենաներ կարելի՛ է ստեղծել: Բոլորովին էլ կարիք չկա, որպեսզի մեքենան նույնությամբ վերարտադրի մարդու ստեղծագործության գործընթացը, բայց նա, ամենայն հավանականությամբ , պետք է օգտագործի էվրիստիկ մեթոդները: Այդ նշանակում է, որ արտաքին աշխարհից ստացվող տպավորությունների քաոսը ստեղծագործաբար կարգավորելու համար նա պետք է գտնի ուղեղի օգտագործած համանմանություններին և դատողություններին սկզբունքորեն նմանվող ընդհանուր գաղափարներ:

Մենք պետք է, վերջապես, ընդունենք, որ ամեն մի հաշվիչ մեքենա բնության մի մասնիկն է և պետք է գործի բնության օրենքներին համապատասխան, օրենքներ, որոնց թիվը վերջավոր է: Եվ եթե նրան հնարավորություն տրվի «իր մեջ զետեղել» բնության օրենքների բավարար մի քանակություն, ապա այն կկարողանա հասնել այն ամենին, ինչ այդ օրենքների հետևանքն է, և նույնիսկ՝ բանաստեղծություններ հորինել:

Ինչպիսին են այդպիսի մեքենայի ու նրա ծրագրի ստեղծման հնարավորությունները: Խուսափողական պատասխան տալն ամենից հեշտն է: Մարդու ուղեղն ու նյարդային համակարգն այնքան բարդ են, որ անհնարին է երբևիցե մշակել ու ծրագրավորել ուղեղի հետ համեմատելի մի մեքենա այն մեթոդներով, որոնք հայտնի են այժմ և կամ որոնց հետագայում գոյություն ունենալը հնարավոր է: Բայց կարելի է տալ ավելի համարձակ պատասխան. մենք համարում ենք, որ ուղեղից ավելի պարզ, բայց ներկայումս գոյություն ունեցողներից անհամեմատ ավելի կատարյալ մեքենաները կկարողանան վերարտադրել ուղեղի այն ֆունկցիաները, որոնք անմիջականորեն մասնակցում են ստեղծագործելու պրոցեսին: Այս նպատակը շատ ավելի պարզ է, քան ուղեղի բոլոր ֆունկցիաները վերարտադրելու ձգտումը:

Մարդկային ուղեղի նեյրոնները միմյանցհետ կապված են տրիլիոնավոր էլեկտրական միացություններով, և դրանց միջև կապն իրականացվում է քիմիական, ջերմային ու էլեկտրական նրբագույն փոխազդեցությունների օգնությամբ:  Այսօր մենք այդ բոլորի մեքենայական վերարտադրությունը չունենք, և, գուցե, բացառված չէ, որ երբեք չի հաջողվի: Բայց եթե նույնիսկ հնարավոր լիներ ստեղծել մի այդպիսի համակարգ, հազիվ թե որևէ մեկը ձռնարկեր այդ. այդպիսի համակարգը ոչ մի գործնական օգուտ չէր բերի:

Համոզված կերպով կարելի է ասել, որ մարդու նյարդային համակարգության մեծ մասը մտածողության գործընթացին չի մասնակցում: Կատարված քանակական գնահատումները ցույց են տալիս, որ մարդկային հիշողության մեջ կարող է պահվել միլիոն միլիարդավոր երկուական միավոր: Ինֆոմացիայի այս ծավալի հիմնական մասը ծառայում է մեր մարմնի զգայարանների ճիշտ գործունեության գործին: Հիշողությունը մասնակցում է ոչ միայն մտածողության գործընթացին, այլև չգիտակցված գործողություններին. այսպես, օրինակ՝ մենք պետք է «հիշենք», թե քայլելիս ինչպես պետք է պահպանենք հավասարակշռությունը: Բանական հաշվիչ մեքենան այդպիսի տվյալներ հիշելու կարիք չունի:  Նրա օրգանների ֆունկցիաներն ու նրա գործողությունները համեմատաբար պարզ են, և նրա հիշողության մեջ, և նրա հիշողության ողջ հնարավորությունները կարող են ծառայեցվել մտածողությունը նմանակող ծրագրին:

Ահա հենց այստեղ էլ ծագում է ամենագլխավոր հարցը: Մարդու ուղեղի հատկապես ո՞ր մասն է զբաղված մտածողության ծրագրավորումով: Գուցե դա նրա շատ փոքրիկ մա՞սն է: Եթե այո, ապա հաշվիչ մեքենայում նույնպիսի ծավալ ապահովելու հարցն այնքան էլ ֆանտաստիկ չի լինի: Այդ բանի օգտին է խոսում մի կարևոր նկատառում. ընկալման ու հականերգործման տարրական գործընթացները մարդու մոտ այնքան դանդաղ են ընթանում, որ մարդն իր կյանքի արթուն ժամերի ընթացքում ի վիճակի է մշակելու 50 միլիարդ երկուական միավոր ինֆորմացիայից ոչ ավելի: Դա կազմում է ուղեղի ընդհանուր ծավալի ընդամենը մեկ քսանհազարերորդ մասը: Մուտքային և ելքային ինֆորմացիայի այդ նույն քանակությունը հաշվիչ մեքենան ընդունակ է մշակելու մեկ վայրկյանից էլ քիչ ժամանակում: ԵՎ դրանում վճռական դեր է խաղում մեքենայի մեզ արդեն հայտնի միլիոնապատիկ առավելությունն ուղեղի նկատմամբ՝ նրա արագագործությունը:

Այս առավելությունը որոշակի խնդիրների լուծման ժամանակ կարող է հավասարեցնել մարդու և հաշվիչ մեքենայի հնարավորությունները: Թերևս, երբեք չի ծագի իր բազմակողմանիությամբ ուղեղին չզիջող մեքենա ստեղծելու անհրաժեշտությունը: Ուղեղի աշխատանքը մեքենայացնել արժե այն դեպքում, երբ խոսքն այն կարևոր խնդիրների մասին է, որոնք մարդը լուծում է դանդաղ ու դժվար, և երբ մեքենայի ու ծրագրավորման արժեքն իրեն կարդարացնի:

Տարիների ընթացքում մեքենաների հիշողության ծավալը մեծացել է մի քանի հազար անգամ: Այս գործընթացները կշարունակվեն և հաջորդ տասնամյակների ընթացքում: Հիշողության սարքերի ծավալի ու արագագործության մեծացման ուղղությամբ կատարվող ամեն մի հաջորդ քայլը, ինչպես նաև լեզուների կատարելագործումը, նորանոր հորիզոններ կբացեն:  Եվ մենք կդադարենք հարցնել, թե արդյոք մեքենան կարո՞ղ է ստեղծագործել: Մենք կհարցնենք, թե մեքենայի ստեղծագործության ո՞ր կողմերն են, որ արդարացնում են դրա հետ կապված ծախղերը:

Դ. Ֆրինկ

Այլ նյութեր