Յոհան Կեպլեր

11741111_408108522714859_5875124578234934512_oՅոհան Կեպլերն ուսանում էր համալսարանում և պատրաստվում էր քահանա ձեռնադրվելու, երբ ծանոթացավ Նիկոլայ Կոպեռնիկոսի Տիեզերքի արևակենտրոն կառուցվածքի ուսմունքին։ Նրա մեջ մեծ ցանկություն առաջացավ հասկանալու, թե ինչ օրենքներով են շարժվում մոլորակներն Արեգակի շուրջը։ Այդ նպատակով 1601 թ. Կեպլերը տեղափոխվեց Պրահա՝ դանիացի աստղագետ Տիխոն Բրահեի մոտ։ Իսկ վերջինիս մահվանից հետո՝ 1602 թ. Կեպլերը նշանակվեց պալատական մաթեմատիկոս և ժառանգեց Բրահեի 40 ամյա աստղագիտական դիտումների արդյունքները։ Դրանց տեսական հիմնավորման ընթացքում նա հայտնագործեց մոլորակների շարժման երեք օրենքները, որոնք հետագայում կոչվեցին Կեպլերի օրենքներ։ 1619 թ. լույս ընծայած «Աշխարհի ներդաշնակությունը» աշխատության մեջ նա ընդհանրացրեց իր աշխատանքներում առաջ քաշված հարցերն ու ստացավ մոլորակների շարժման օրինաչափություններն ամփոփող մի կույր տեսություն։ 1627 թ. ավարտեց իր ամենամեծ՝ «Ռուդոլֆյան աղյուսակներ» աշխատությունը, որը հնարավորություն էր ընձեռնում բավական մեծ ճշտությամբ որոշել մոլորակի դիրքը ժամանակի ցանկացած պահին։ Նա կազմեց նաև Արեգակի ու Լուսնի խավարումների աղյուսակը և բացատրեց դրանց առաջացման պատճառները՝ Լուսնի, Արեգակի և Երկրի միմյանց նկատմամբ ունեցած դիրքերով։ Յոհան Կեպլերն աշխատություն ունի նաև աստղագիտության մեջ օպտիկայի կիրառության, օվկիանոսների և ծովերի մակընթացությունների ու տեղատվությունների վերաբերյալ. այդ երևույթները նա բացատրում էր Լուսնի ձգողությամբ։ Կյանքի վերջին տարիներին ապրուստի միջոց հայթայթելու համար նա զբաղվել է նաև աստղագուշակությամբ։

Կեպլերի օրենքներն են՝

  1. Ցանկացած մոլորակի ուղեծիրը էլիպս է, որի կիզակետում է գտնվում Արեգակը։
  2. Մոլորակը Արեգակին միացնող ուղիղը հավասար ժամանակահատվածներում ծածկում է հավասար մակերեսներ։
  3. Մոլորակի ուղեծրային պարբերության քառակուսին ուղիղ համեմատական է նրա ուղեծրի միջին կիսաառանցքի խորանարդին։

Հեղինակ՝ Վարդիթեր Բեգլարյան

Այլ նյութեր