Մեքենաները երբրևէ կկարողանա՞ն գերազանցել մարդկային ուղեղին

Այս հարցին պատասխանելուց խուսափելու ամենալավ ելքը կտրականապես «ո՛չ» ասելն է: Մարդը չի ակրող մշակել մեքենայի կառուցվածքն ու ծրագիրը, եթե նա դեռ չի պատկերացնում, թե ինչ է անում: Բայց նրանք, ովքեր ուսումնասիրել են մարդու զարգացման բազմադարյան գործընթացը, տեսնում են, որ բանական զարգացման ներկա վիճակում էվոլյուցիան մարդուն կարող է հասցնել նոր նվաճումների:

Գոյություն ունի հոգեբանության ու ֆիզիոլոգիայի տվյալներով հաստատվող այն համոզմունքը, որ ուղեղի կողմից ձևակերպվող ու լուծվող խնդիրների շրջանակները սահմանափակված են իր իսկ ուղեղի կառուցվածքով:

Այդ կառուցվածքը առավել ցածր ձևերի տևական էվոլյուցիայի արգասիքն է: Ժամանակի ընթացքում, պատմության որոշակի շրջադարձային պահերին, մարդը նորանոր վերացական հասկացություններ էր ըմբռնում: Վերջին ժամանակներում (երկրաբանական օրացույցով) դրանցից առավել կարևորներն էին լեզվի վերացական հասկացությունները, որոնք երևան են եկել մոտ կես միլիոն տարիների ընթացքում: Եթե մարդն ըմբռնելու է վերացական հասկացությունների մի նոր (և շատ հավանական) կոմպլեքսը, ապա շատ հնարավոր է, որ նա պետք է սպասի նույնքան ժամանակ, պայմանով, որ բնությունը շարունակելու է իր զարգացումը:

Սակայն, երբ հաշվիչ մեքենան վերացական հասկացությունների նոր կոմպլեքս է ստանում, պրոցեսն ընթանում է ժամանակի այլ մասշտաբով: Այն ամենից առաջ կախված է տեխնիկական մեթոդներից՝ տրամաբանական տարրերի և հիշող բջիջների առավել խոշոր միավորումների արտադրությունից, միակցումից ու գործողությունից: Երկրորդ (և դա, թերևս, ավելի կարևոր է), այն կախված է մեքենան խնդրի լուծման համար նախապատրաստող ծրագրավորման գոյություն ունեցող մեթոդներից: Ներկայումս ո՛չ տեխնոլոգիան, ո՛չ էլ ծրագրավորման հիմնական օրենքները հիմք չեն տալիս ենթադրելու, թե մեքենան ընդունակ է անելու մարդկային ուղեղին մատչելի ավելի բարձր կարգի վերացարկումներ:

Ապագայի հաշվողական տեխնիկան ևս գուցե անկարող լինի այդ անել, բայց, թերևս, կկարողանա: Ինչպես որ մենք կարողացանք հասնել անսահմանության ըմբռնմանը (այսինքն՝ պատկերացրինք, որ կա մեզ հայտնի ցանկացած թվից ավելի մեծ թիվ), այնպես էլ կարող ենք պատկերացնել այնպիսի մեքենա ու ծրագիր, որի վերացարկումների կառուցվածքը կլինեն ավելի բարձր, քան մարդկային ուղեղի բարձրագույն վերացարկումներինն են: Այնուհետև մենք կարող ենք ենթադրել, որ վերացարկումների այդ բարձրագույն շարքը «հորինողը» մարդը չէ (քանզի դա նրա ուղեղիհնարավորություններից վեր է): Այն կարող է լինել նախկինի արտարկման արդյունքը, այսինքն՝ որոշ իմաստով բանական մեքենաները կկարողանան ներթափանցել անհայտության մեջ:

Եթե գա այն ժամանակը, երբ տեխնիկական և շրագրավորման մեթոդները հնարավոր դարձնեն այդպիսի արտարկումը, մենք կարող ենք համոզված լինել, որ նման փորձ անպայման կարվի: Մեզ համար կարևոր չէ, որ մարդը չի կարող ստույգ կերպով ասել, թե մեքենան հատկապես որ գործընթացները կօգտագործի վերացարկումների այդ գերմարդկային ձևափոխությունների ընթացքում: Բավական կլինի և այն, որ մեքենան, իջնելով մինչև մարդու հետ հաղորդակվելու մակարդակին, կկարողանա նրան հաղորդել հենց այդ ձևով բացահայտված ճշմարտությունները:

Հաշվողական տեխնիկայի շատ մասնագետների կարծիքով, նման մտորումները լավագույն դեպքում կարելի է անվանել աննպատակ, իսկ վատագույն դեպքում՝ անպատասխանատու: Բայց եթե մենք ուզում ենք միանալ հիացումի այն զգացմունքին, որ այօր ամեն մի նոր հայտնագործության ժամանակ համակում է բանական մեքենաների բնագավառում աշխատող հետազոտողներին, մենք չպետք է խուսափնք այն մտքից, որ մարդը ինքը կարող է ղեկավարել իր մտավոր էվոլյուցիան, ստեղծելով այնպիսի գործիքներ ու տեխնիկա, որոնք հակառակ դեպքում հազարավոր դարեր շարունակ բնության գաղտնիքը կմնային:

Դ. Ֆրինկ

Այլ նյութեր