Մեծ հադրոնային կոլայդեր

Աշխարհի ամենահզոր արագացուցիչը` մեծ հադրոնային կոլայդերը, կառուցվել է Միջուկային Հետազոտությունների Եվրոպական Կենտրոնում: Այն՝ շուրջ 27կմ երկարությամբ օղակաձև կայանք է` տեղադրված 50÷175մ խորությամբ ստորերկրյա թունելում: Արագացուցիչում ստեղծվում են հակադիր ուղղություններով արագացված և գրեթե լույսի արագությամբ շարժվող երկու պրոտոնային փնջեր, որոնց ուղղորդում և կիզակետում են սարքի շուրջ 7000 մագնիսները:

Արագացուցիչը լրիվ հզորությամբ գործարկվելու դեպքում փնջերում յուրաքանչյուր պրոտոն կունենա շուրջ 7ՏէՎ(7*1012էՎ) էներգիա, իսկ փունջն օժտված կլինի էներգիայով, որը համարժեք է 900 ավտոմեքենայի գումարային կինետիկ էներգիային, երբ դրանք շարժվում են 100կմ/ժ արագությամբ:

Կոլայդերում պրոտոնները կշարժվեն շուրջ 300 թանձրուկների տեսքով, որոնցից յուրաքանչյուրը կպարունակի 100 միլիարդ պրոտոն և բախման պահին կունենա մի քանի սանտիմետր երկարություն և 16 միկրոմետր տրամագիծ: Այդ ինքնատիպ ”ասեղները”, բախվելով իրար հատուկ տեղադրված դետեկտորներում, կառաջացնեն մասնիկների ավելի քան 600 միլիոն բախում 1 վայրկյանում:

Կոլայդերն ունի չորս հսկայական դետեկտորներ, որոնցից ամենախոշորը կարող է զբաղեցնել Փարիզի աստվածամոր տաճարի կեսը, իսկ ամենածանրն ավելի շատ մետաղ է պարունակում, քան Էյֆելյան աշտարակը: Այդ դետեկտորները յուրաքանչյուր բախումից հետո միաժամանակ կարող են չափել 1000 մասնիկի պարամետրերը:

Աշխատանքի պրոցեսում կոլայդերի սնուցման համակարգերն օգտագործում են 180 ՄՎտ հզորություն: Կոլայդերը գիտական համագործակցության եզակի օրինակ է: Նախատեսված աշխատանքներին մասնակցում է 20 պետություն` դիտորդի կարգավիճակով ` ԱՄՆ, Կանադա, ՌԴ, Չինաստան, Ճապոնիա և այլն, և աշխարհի շուրջ 10 հազար ֆիզիկոս:

2010 թվականին հաջողվել է կոլայդերում ստանալ պրոտոնների կայուն ”սեղմված” փունջ 3,5 ՏէՎ էներգիայով պրոտոններով, գրանցվել է W տարրական մասնիկը, մյուոններ, պոզիտրոններ:

Ֆիզիկոսներն այժմ փորձում են փնջերում պրոտոնների էներգիան հասցնել 7 ՏէՎ-ի և համոզված են, որ կհաջղվի փորձնականորեն հաստատել բազմաթիվ կանխատեսումներ, ինչպես նաև կատարել նոր հայտնագործություններ, որոնք անգամ կանխագուշակված չեն:

Աղբյուր՝ Վարդիթեր Բեգլարյան

Այլ նյութեր