Թերմոս

term-1x

Պատկերի հեղինակ՝ հայկ Սերոբյան

Թերմոսը (որը հայտնի է նաև Դյուարի անոթ անունով) հայտնագործվել է 1892 թվականին շոտլանդացի ֆիզիկոս Ջեյմս Դյուարի կողմից։ Այն երկակի պատերով անոթ է, որոնց միջև վակուում է, որը անոթի պարունակությանը թույլ է տալիս շրջակա միջավայրից տաք կամ սառը մնալ երկար ժամանակ։ Ջոել Լեվին գրում է. «Գերմանացի ապակեգործ Ռեյնհոլդ Բուգերի կողմից թերմոսի արդյունաբերական արտադրությունից հետո այն դարձավ ամբողջ աշխարհում լայն կիրառվող և վաճառվող իր, մասնակի այն պատճառով, որ այդ ժամանակի գիտնականները և ռահվիրաները անվճար գովազդում էին այն»։ Իրենց հետ թերմոս են վերցրել Էրնստ Շեկլտոնը՝ Հարավային բևեռ գնալիս, Ուիլյամ Փերրին՝ Հյուսիսային բևեռ, գնդապետ Ռուզվելտը և Ռիչարդ Հարդինգ Դեվիսը՝ Կոնգո գետի ավազան, սեր Էդմունդ Հիլարին՝ Էվերեստ և վերջապես Ռայթ եղբայյրները և կոմս ֆոն Ցեպպելինը՝ երկինք գնալիս։

Դյուարի անոթի աշխատանքի սկզբունքը երեք հիմնական գործընթացների սահմանափակման մեջ է, որոնք պատասխանատու են շրջակա միջավայրի հետ ջերմափոխանակման համար. ջերմահաղորդում (որի շնորհիվ ջերմությունը տարածվում է երկաթե ձողի տաքացրած ծայրից մյուս՝ սառը ծայրը), ջերմային ճառագայթում (մենք զգում ենք այն վառարանի մոտ, երբ ածուխն արդեն հանգել է), և կոնվեկցիա (այդ գործընթացը տեղի է ունենում, օրինակ՝ ներքևից տաքացրած կաթսայում ճաշը խառնելուց)։ Թերմոսի ներքին և արտաքին պատերի միջև ընկած միջանկյալ տարածությունը, որտեղից օդը հանված է, նվազեցնում է ջերմության կորուստը՝ ջերմահաղորդումից և կոնվեկցիայից, իսկ ապակե անոթի անդրադարձնող մակերեևույթը նվազեցնում է ինֆրակարմիր ճառագայթումը։ Թերմոսի արժեքը հենց նրա՝ ըմպելիքները տաք կամ սառը պահելու մեջ է։ Այդ հատկությունը թույլ է տալիս նաև թերմոսի միջոցով պատվաստանյութեր, արյան պլազմա, ինսուլին, հազվագյուտ արևադարձային ձկներ և այլ կարևոր բաներ տեղափոխել։ Երկրորդ համաշխարհային Պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիայում արտադրվել է գրեթե 10.000 թերմոս։ Այն իրենց հետ վերցնում էին ռազմական օդաչուները՝ Եվրոպայի վրայով թռիչքներ իրականցնելիս։ Մեր օրերում աշխարհի բոլոր լաբորատորիաներում թերմոսները (Դյուարի անոթները) օգտագործում են այնպիսի գերսառը նյութեր պահպանելու համար, ինպիսիք են, օրինակ՝ հեղուկ ազոտը կամ թթվածինը։

2009 թվականին Ստենֆորդի համալսարանի գիտնականները հայտնաբերեցին, որ ֆոտոնային բյուրեղների (կառուցվածքներ, որոնք արգելափակում են լույսը՝ որոշակի հաճախականություններում) հաջորդական շերտերը, որոնք բաժանված են միջանկյալ վակուումով, ավելի շատ են սահմանափակում ջերմային ճառագայթումը, քան միայն վակուումը։

Աղբյուր՝ Клиффорд Пиковер. Великая Физика, От Большого взрыва до Квантового воскрешения, 250 основных век в истории физики, Москва, Бином, 2015г., стр 266.

Այլ նյութեր