Էյնշտեյնի և Թագորի զրույցը

Էյնշտեյն – Դուք հավատում եք աշխարհից մեկուսացված աստծո՞ւն:

Թագոր – Մեկուսացված չէ: Մարդու անսպառ ինքնությունը կարող է ճանաչել Տիեզերքը: Մարդու համար անհասկանալի բան լինել չի կարող: Սա ապացուցում է, որ Տիեզերքի ճշմարտությունը մարդկային ճշմարտությունն է: Միտքս պարզաբանելու համար կօգտվեմ գիտական մի փաստից:
Նյութը կազմված է պրոտոններից ու էլեկտրոններից, որոնց միջև ոչինչ չկա, սակայն նյութը կարող է հոծ թվալ` առանց առանձին էլեկտրոնները ու պրոտոնները միացնող տարածական կապերի: Նույն կերպ և հասարակությունն է բաղկացած անհատներից, բայց նրանց միջև գոյություն ունի մարդկային հարաբերությունների փոխադարձ կապ, որն էլ մարդկային հասարակությունը դարձնում է միասնական կենդանի օրգանիզմ: Տիեզերքը, որպես ամբողջություն, փոխադարձ կապի մեջ է մեր` որպես անհատների հետ: Սա մարդու Տիեզերքն է:
Այս գաղափարը նկատել եմ արվեստում, գրականության և մարդու հոգևոր գիտակցության մեջ:

Էյնշտեյն – Տիեզերքի բնույթի վերաբերյալ երկու հայեցակարգ գոյություն ունի.
աշխարհը, որպես մարդուց կախված մեկ ամբողջություն
աշխարհը, որպես իրականություն, որը կախված չէ մարդուց:

Թագոր – Երբ մեր Տիեզերքը ներդաշնակ է հավերժական մարդու հետ, այն ընկալում ենք որպես ճշմարտություն և զգում ենք որպես գեղեցկություն:

Էյնշտեյն — Բայց սա Տիեզերքի զուտ մարդկային հայեցակարգ է:

Թագոր — Այլ հայեցակարգ չի կարող լինել: Այս աշխարհը մարդու աշխարհն է: Նրա մասին գիտական պատկերացումները` գիտնականի պատկերացումներն են: Այդ իսկ պատճառով մեզանից առանձին աշխարհը գոյություն չունի: Մեր աշխարհը հարաբերական է, նրա իրականությունը կախված է մեր գիտակցությունից: Գոյություն ունի ողջամտություն և գեղեցիկի որոշակի չափանիշ, որի շնորհիվ այս աշխարհը դառնում է հավաստի. դա Հավերժական Մարդու չափանիշն է, ում զգացողությունները համընկնում են մեր զգացողություների հետ:

Էյնշտեյն – Ձեր Հավերժական Մարդը մարդու էության մարմնացումն է:

Թագոր – Այո, հավերժականի էությունն է: Մենք պետք է այն ճանաչենք մեր զգացմունքների և գործունեության արդյունքում: Մենք ճանաչում ենք Գերագույն Մարդուն, ով զուրկ է մեզ բնորոշ սահմանափակությունից: Գիտությունը դիտարկում է այն, ինչը սահմանափակված չէ մեկ անձով, այն ճշմարտությունների անանձնական մարդկային աշխարհն է: Կրոնը գիտակցում է այդ ճշմարտությունները և հաստատում է դրանց կապը մեր ավելի խորքային կարիքների հետ. ճշմարտության մեր անհատական գիտակցումը ստանում է ընդհանուր նշանակություն: Կրոնը ճշմարտությունը արժևորում է, և մենք ընկալում ենք ճշմարտությունը`զգալով մեր ներդաշնակությունը նրա հետ:

Էյնշտեյն – Բայց դա նշանակում է, որ ճշմարտությունը կամ գեղեցկությունը մարդուց անկախ չեն:

Թագոր – Անկախ չեն:

Էյնշտեյն – Եթե մարդիկ հանկարծ վերանային, ապա Ապոլոնի արձանը կդադարեր գեղեցիկ լինելուց:

Թագոր – Այո:

Էյնշտեյն -Գեղեցիկի նման հայեցակարգի հետ ես համաձայն եմ, բայց չեմ կարող համաձայնել ճշմարտության հայեցակարգի հետ:

Թագոր – Ինչո ՞ ւ: Չէ որ ճշմարտությունը ճանաչելի է մարդու կողմից:

Էյնշտեյն – Չեմ կարող ապացուցել իմ հայեցակարգի ճշմարտացիությունը, բայց այն իմ կրոնն է:

Թագոր – Գեղեցիկը, անփոփված է կատարյալ ներդաշնակության գաղափարում, ինչ մարմնավորված է ունիվերսալ մարդու մեջ: Ճշմարտությունը համընդհանուր գիտակցության կատարյալ ըմբռնումն է: Մենք` անհատներս, ճշմարտությանը մոտենալիս կատարում ենք մանր ու մեծ սխալներ, կուտակում ենք փորձ, լուսավորում ենք մեր միտքը, ուրիշ էլ ի՞նչ կերպ կարող ենք գիտակցել ճշմարտությունը:

Էյնշտեյն – Չեմ կարող ապացուցել, որ գիտական ճշմարտությունը պետք է համարել ճշմարտություն, որը ճիշտ է մարդկությունից անկախ, բայց դրանում ես հաստատ համոզված եմ: Պյութագորասի թեորեմը երկրաչափությունում մոտավոր ճիշտ բան է պնդում` մարդու գոյությունից անկախ: Ամեն դեպքում, եթե կա մարդուց անկախ իրականություն, ապա պետք է որ լինի այդ իրականությանը համապատասխանող ճշմարտություն, և առաջինի ժխտումը կհանգեցնի վերջինի ժխտմանը:

Թագոր – Ունիվերսալ Մարդու մեջ ամփոփված Ճշմարտությունը, ըստ էության, պետք է մարդկային ճշմարտություն լինի, քանի որ հակառակ դեպքում այն ամենը, ինչն անհատներս կարող ենք ճանաչել երբեք չի կարող համարվել ճշմարտություն, համենայն դեպս, չի կարող համարվել գիտական ճշմարտություն, որին մենք հասնում ենք տրամաբանական գործընթացների և դատողական մտածողության արդյունքում, այլ խոսքերով` մտածողության օրգանի միջոցով, որը մարդկային օրգան է: Հնդկական փիլիսոփայության համաձայն, գոյություն ունի Բրահմա` բացարձակ ճշմարտություն, որին չի կարելի հասնել առանձին անհատի գիտակցությամբ կամ նկարագրել բառերով: Այն ընկալելի է անձի` խորապես անհունության մեջ ընկղմվելու դեպքում միայն: Այսպիսի ճշմարտությունը չի կարող գիտական լինել: Ճշմարտության այս կերպը կրում է արտաքին բնույթ, այսինքն` այս Ճշմարտությունն այն է, ինչը ճշմարիտ է թվում մարդկային բանականությանը, և այդ պատճառով էլ այս ճշմարտությունը մարդկային է: Սա կարելի է անվանել Մայա կամ պատրանք:

Էյնշտեյն – Ձեր հայեցակարգի համապատասխան, որը միգուցե հնդկական փիլիսոփայության հայեցակարգ է, մենք գործ ունենք ոչ թե առանձին անհատի պատրանքի հետ, այլ ամբողջ մարդկությանն ընդհանրապես:

Թագոր – Գիտության մեջ ենթարկվում ենք կարգապահության, դեն ենք նետում մեր սեփական մտքի կողմից հարկադրած բոլոր սահմանափակումները, և այդպիսով հասնում ենք ճշմարտությանը, որը մարմնավորված է Ունիվերսալ Մարդու գիտակցության մեջ:

Էյնշտեյն – Կախվա՞ծ է ճշմարտությունը մեր գիտակցությունից: Այս է խնդիրը:

Թագոր – Այն, ինչ մենք անվանում ենք ճշմարտություն, իրականության սուբյեկտիվ և օբյեկտիվ կողմերի խելամիտ ներդաշնակությունն է, որոնցից յուրաքանչյուրը պատկանում է Ունիվերսալ Մարդուն:

Էյնշտեյն – Նույնիսկ առօրյա կյանքում ստիպված ենք մեր կողմից օգտագործվող իրերին ստիպված ենք վերագրել իրականություն, որը կախված չէ մարդուց: Մենք դա անում ենք, որպեսզի խելամիտ փոխադարձ կապ հաստատենք մեր զգայարանների միջև: Օրինակ, այս սեղանը կմնա իր տեղում նույնիսկ այն ժամանակ, երբ սենյակում մարդ չլինի:

Թագոր – Այո, սեղանը մատչելի չէ անհատին, բայց հասանելի է համընդհանուր մտքին: Սեղանը, որը ես ընկալում եմ, կարող է ընկալվել միայն իմ բանականության նման բանականության կողմից:
Մարդուց անկախ ճշմարտության գոյության վերաբերյալ մեր տեսակետը չի կարելի ոչ բացատրել, ոչ ապացուցել, բայց դրան բոլորը հավատում են, նույնիսկ նախնադարյան մարդիկ: Ճշմարտությանը մենք վերագրում ենք գերմարդկային օբյեկտիվություն: Այդ իրականությունը, որը կախված չէ մեր գոյությունից, մեր փորձից, մեր բանականությունից, անհրաժեշտ է մեզ, չնայած չենք կարող ասել, թե դա ինչ է նշանակում:
Գիտությունը ապացուցել է, որ սեղանը որպես պինդ մարմին` ընդամենը շղարշ է, և այն, ինչը մարդային գիտակցությունը ընկալում է որպես սեղան, չի կարող գոյություն ունենալ, եթե գոյություն չունենար մարդկային գիտակցությունը: Միաժամանակ պետք է խոստովանել, որ սեղանի տարրական ֆիզիկական իրականությունը ոչ այլ ինչ է, քան առանձին պտտվող էլեկտրական ուժերի բազմություն և, հետևաբար, նույնպես պատկանում է մարդկային գիտակցությանը:
Ճշմարտության հասնելու գործընթացում մշտական պայքար է տեղի ունենում համընդհանուր մարդկային մտքի և առանձին անհատի սահմանափակ մտքի միջև: Այդ անվերջանալի պայքարը առկա է մեր գիտության, փլիսոփայության, բարոյագիտության մեջ: Համենայն դեպս, եթե անգամ գոյություն ունենար մարդուց դուրս ինչ-որ բացարձակ ճշմարտություն, այն մեզ համար այն կլիներ բացարձակապես չգոյություն չունեցող:
Դժվար չէ պատկերացնել մի բանականություն, որի համար իրադարձությունների հաջորդականությունը զարգանում է ոչ թե տարածության, այլ ժամանակի մեջ` երաժշտության մեջ նոտաների հաջորդականության նման: Այսպիսի բանականության համար իրականության հայեցակարգը հարազատ կլինի երաժշտական իրականությանը, որի համար Պյութագորասի երկրաչափությունը զուրկ է որևէ իմաստից: Գոյություն ունի թղթի իրականություն, որը անսահման հեռու է գրականության իրողությանից: Թուղթը ուտող ցեցի բանականության համար գրականություն բացարձակապես գոյություն չունի, բայց մարդկային բանականության համար գրականությունը, որպես ճշմարտություն, ավելի մեծ արժեք ունի, քան թուղթը: Ճիշտ այնպես էլ, եթե գոյություն ունենա այնպիսի ճշմարտություն, որը ոչ մի զգայական կամ մտավոր առնչություն չունենա մարդկային բանականության հետ, այնքան ժամանակ կհամարվի ոչինչ, քանի դեռ մենք կմանանք մարդկային բանականությամբ էակներ:

Էյնշտեյն – Այդ դեպքում ես ավելի հավատացյալ եմ, քան դուք:

Թագոր – Իմ կրոնը սեփական էության մեջ Հավերժական Մարդու, Ունիվերսալ մարդկային ոգու ճանաչումն է: Սա է եղել իմ դասախոսությունների թեման, որը ես անվանել եմ «Մարդու Կրոնը»:

Հեղինակ՝ Վարդիթեր Բեգլարյան

Այլ նյութեր