Գրավիտացիոն ալիքներ

Գիտնականները գրանցել են գրավիտացիոն ալիքները, որոնք դեռ 1915թ. կանխատեսել էր Ալբերտ Այնշտայնը` մշակելով իր Հարաբերականության ընդհանուր տեսությունը (ՀԸՏ): Տեսությունը հաջողությամբ նկարագրում է գրավիտացիան (զանգված ունեցող մարմինների միջև ձգողականության ուժը) տարածության-ժամանակի կորության միջոցով: Այնշտայնը կանխատեսում էր, որ արագացմամբ շարժվող զանգվածեղ մարմինները պետք է ճառագայթեն, այսպես կոչված՝ գրավիտացիոն ալիքներ: Սովորական, օրինակ` ձայնային ալիքներն իրենցից ներկայացնում են օդի, կամ այլ միջավայրերի մոլեկուլների տատանումներ: Գրավիտացիոն ալիքներն ավելի բարդ են. դրանք տարածության-ժամանակի խոտորումներ են (տատանումներ), որոնք շարժվում են լույսի արագությամբ: Քանի որ գրավիտացիան զգալիորեն ավելի թույլ է մյուս ֆունդամենտալ փոխազդեցություններից, գիտնականներին մինչ այժմ չէր հաջողվում գրանցել դրանք:

«Մենք գրանցեցինք գրավիտացիոն ալիքները, մենք դա արեցինք»,- հայտարարեց խոշորագույն գիտական նախագծերից մեկի` LIGO-ի ներկայացուցիչը: LIGO (Laser Interferometer Gravitational-Wave Observatory) կոլաբորացիան իրենից ներկայացնում է ժամանակակից խոշորագույն և ամենահավակնոտ գիտական նախագծերից մեկը: Ըստ էության, դա լազերային-ինտերֆերոմետրիկ գրավիտացիոն-ալիքային աստղադիտարան է, որի ստեղծման առաջարկը հնչել էր դեռ 1992թ.: Նախագիծը ֆինանսավորվում է Ամերիկյան Ազգային հիմնադրամի միջոցներով: Ունենալով մոտ $365 մլն արժեք, նախագիծը իրենից ներկայացնում է հետազոտողների` տարեցտարի աճող խումբ. մոտ 40 գիտահետազոտական ինստիտուտներ և 600 առանձին գիտնականներ զբաղվում են LIGO-ից և այլ աստղադիտարաններից ստացվող տվյալների վերլուծությամբ: LIGO-ի կազմում երկու խոշոր լազերային ինտերֆերոմետրեր են, որոնք տեղակայված են Լիվինգսթոնից (Լուիզիանա նահանգ) և Հենֆորդից (Վաշինգթոն) ոչ հեռու` միմյանցից 3002 կմ հեռավորության վրա: Ինտերֆերոմետրերը, որոնց երկարությունը կազմում է 4 կմ, Г-ձև ունեն, այսինքն` բաղկացած են հավասար երկարություն ունեցող երկու ուղղահայաց թևերից: Ինտերֆերոմետրի միջով գրավիտացիոն ալիքի անցնելը կարող է փոխել մի թևի երկարությունը մյուսի նկատմամբ, ինչը պետք է շեղի ճառագայթման փուլը տվյալ թևում ու ազդի ինտերֆերենցիայի պատկերի վրա:

Գրավիտացիոն ալիքների աղբյուր է դարձել երկու սև խոռոչների միաձուլումը` Երկրից 1.3 մլրդ լուսատարի հեռավորության վրա (այսինքն, իրադարձությունը տեղի ունեցել 1.3 մլրդ տարի առաջ): Սև խոռոչներն ունեցել են 29 և 36 արեգակնային զանգված: Գրանցվել է ժամանակի հետ տատանումների հաճախականության աճ` ճիշտ այնպես, ինչպես կանխատեսում է ՀԸՏ-ն՝ ձուլվող զանգվածեղ մարմինների համար (որքան նրանք մոտենում են միմյանց, այնքան մեծանում է պտույտի և գրավիտացիոն ալիքների ճառագայթման հաճախականությունը): Ստացված ազդանշանի վերլուծությունը տևել է մոտ մեկ ամիս:

Հեղինակ՝ Վարդիթեր Բեգլարյան

Այլ նյութեր