Գալիլեո Գալիլեյ

Գալիլեյի աշխատանքները նշանակալի ազդեցություն են թողել գիտական մտքի զարգացման վրա: Գալիլեոյի ծնողները ենթադրում էին, որ նա բժիշկ կդառնա, սակայն պատանուն շատ ավելի հետաքրքրեցին մաթեմատիկան ու ֆիզիկան: Նա համալսարանում թողեց բժշկության պարապմունքները և արդեն 25 տարեկանում դարձավ մաթեմատիկայի պրոֆեսոր:

Գալիլեյը ձևակերպեց հորիզոնի նկատմամբ անկյան տակ նետված մարմնի շարժման օրենքը, հայտնագործեց շարժումների գումարման և ճոճանակի տատանման պարբերության հաստատունության օրենքները:

Գալիլեյն առաջին գիտնականներից էր, որ լուրջ պայքար սկսեց անցյալի կեղծ պատկերացումների դեմ, հերքեց շարժման մասին Արիստոտելի ուսմունքն ու առաջարկեց ժամանակակից մեխանիկայի հիմունքները:

1609 թ-ին Գալիլեյն աստղադիտակ պատրաստեց ու սկսեց ուսումնասիրել աստղալից երկինքը: Եվ շուտով կատարեց կարևոր հայտնագործություններ. հայտնաբերեց Յուպիտեր մոլորակի շուրջը պտտվող 4 արբանյակները, խառնարաններ՝ Լուսնի վրա, Արեգակի բծերը և օղակներ` Սատուռնի շուրջը:

Վեներան ուսումնասիրելիս Գալիլեյը եկավ այն համոզման, որ բոլոր մոլորակները, այդ թվում նաև Երկիրը, պտտվում են Արեգակի շուրջը: Այս գաղափարը հակասում էր այն ժամանակ ընդունված տեսակետին, ըստ որի՝ բոլոր մոլորակները և Արեգակը պտտվում են Երկրի շուրջը: Գալիլեյի ծննդից դեռևս 20 տարի առաջ այդպիսի տեսություն առաջարկել էր լեհ աստղագետ Կոպեռնիկոսը, ինչը, սակայն, եկեղեցին պաշտոնապես արգելել էր:

Գալիլեյը նույնպես հոգևորականության բացահայտ սպառնալիքների պայմաններում ստիպված էր հրապարակայնորեն հրաժարվել իր հայացքներից, հայտարարել, որ համամիտ չէ Կոպեռնիկոսի հայացքներին: Սակայն նա իրականում երբեք էլ չհրաժարվեց իր գաղափարներից և ենթարկվեց եկեղեցու հալածանքներին: Միայն 1981 թ-ին կաթոլիկ եկեղեցին, այնուամենայնիվ, ընդունեց Տիեզերքի Արեգակնակենտրոն կառուցվածքի տեսության համար Գալիլեյին հետապնդումների ենթարկելու իր անարդարացիությունը:

Ի դեպ` խորհուրդ կտայի կարդալ Ալֆրեդ Շտեկլիի Գալիլեյ գիրքը, որը պատմում է նրա կյանքի մասին:

Հեղինակ՝ Վարդիթեր Բեգլարյան

Այլ նյութեր