Աներևույթ հողագործը: Ըստ Չարլզ Դարվինի

Ա

     Արար-աշխարհում հազար ու մի օգտակար և շահավետ բաներ կան, որոնց մասին մենք կա՛մ ամենևին տեղեկություն չունենք, և կա՛մ այնքան քիչ են մեր ունեցած տեղեկությունները, որ բոլորովին անօգուտ են մնում թե՛ մեզ համար, թե՛ մեր ապրուստի ու կենցաղավարության համար: Այն ինչ՝ եթե հնար եղածի չափ ճիշտ, մանրամասն և հարկավոր ծանոթությունները ձեռք բերեինք այդ տեսակ շահավետ բաների վերաբերյալ, մենք շատ ու շատ օգուտներ կարող էինք քաղել մեր իմացածներից: Բայց ցավալին այն է որ մեզանից շատերս՝ անգետ ու անտեղյակ մնալով դրանց մասին՝ ո՛չ միայն չենք օգտվում այդ շահավետ բաներից, այլ դեռ շատ անգամ մենք ինքներս ենք վնաս պատճառում մեզ՝ կամ բոլորովին աչքաթող անելով այն ամենը, ինչի մասին որ մենք ինքներս պետք է դեռ մի առանձին խնամք ու հոգ տանեինք, հոգացություն ցույց տայինք:

Ահա՛ հենց այդպիսի բազմաթիվ շահեկան և օգտակար բաներից մեկ մասին է հետևյալ զրույցը, որ կարդալու եք այստեղ:Իհարկե դուք ամենքդ էլ տեսած կլինեք կարմիր-ճիճու , և ուրեմն գիտեք, թե այդ փոքրիկ կենդանին իր տեսքով ինչ զզվելի և անդուր բան է: Եվ անշուշտ ձեզանից շատ քչերը կհամաձայնեն ձեռք տալ մի այդպիսի զզվելի բանի, իսկ շատերդ, ո՛վ գիտե՝ ինչ թթու դեմք եք ցույց տալիս ու զզվանք արտահայտում այդ տգեղ արարածի լոկ միայն անունը մտաբերելով:

Եվ ճշմարիտ որ՝ ու՞մ պիտի հետաքրքրի և կամ ու՞մ պիտի հրապուրի այդ խեղճ, ողորմելի կարմիր ճիճուն. շատ-շատ՝ կարթով ձուկ բռնողներին, որոնք որոնելով գտնում հանում են գետնի միջից, որպեսզի անգթորեն տանեն խեղճ կենդանուն՝ միամիտ ձկներին հրապուրելու նպատակով՝ իրենց կարթի ծայրին ամրացնելով: Բայց և այնպես կան արարածներ, որոնց համար կարմիր ճիճուն թե՛ հետաքրքիր, և թե՛ հրապուրիչ է ճիշտ այնպես, ինչպես որ ձեր համար հրապուրիչ են շաքարահացերն ու շաքարեղենները, որ ի ցույց դրած են լինում քաղցրեղեն վաճառողները իրենց խանութների լուսամուտներում, դարակների վրա:

-Այդ ովքե՞ր են այդ քաղցրասերները, հիմա կասեք դուք:

-Դրանց թիվը անչափ շատ է: Փորձի համար հարցրեք ճիճվին, թե պատճառն ի՞նչ է, որ ամբողջ օրը մնում է նստած գետնի տակ, իր բնի մեջ, և միայն գիշերով՝ երբ արդեն մութը բոլորովին պատում է, սիրտ է անում դուրս սողալ բնից, որ նոր կարողանա Աստծու ստեղծած աշխարհը տեսնել և մաքուր օդ ծծել: Ինչ ասել կուզի՝ որ եթե նա այդպես վախենում է ցերեկվա լույսից, պատճառն այն չէ, որ ամաչում է իր մերկ ու անդուր արտաքինի համար, այլ իսկապես այն, որ նա երկյուղ է կրում իր համար խելքահան լինողներից:

-Խելքահան լինողնե՜ր… Ինչե՞ր էք ասում… Խելքահան են լինում և այն էլ այդ զզվելի ճիճվի-լպրտուկի համա՞ր:

-Այո՛, ի՞նչ է որ: Հապա ի՞նչ եք կարծում. դուք այնպես իմանում եք թե կարմիր ճիճուն հավանողներ չունի՞. սխալվում եք, սիրելիք, այդպես կարծելով: Այո՛, նա էլ ունի հավանողներ, և այն էլ ինչպես ժիր, աշխույժ, կայտառ ու տաքասիրտ հավանողներ:

-Ովքե՞ր են այդ տարօրինակ ճաշակի տերերը:

Նախ և առաջ՝ իմ սիրելիք, թռչունները, որոնք ոչ մի առիթ, ոչ մի հաջող դեպք կամ հարմար րոպե ձեռքից բաց չեն թողնում, որ կարողանան իրենց բերանները քաղցրացնել մեր փոքրիկ հերոսի անմեղ մսով. երկրորդ՝ խլուրդները, որոնցից ազատվելու համար խեղճ անասունը շատ ու շատ անգամ է ստիպում ական թոթափել, այսինքն՝ աչքի մի ճպելում դուրս սողալ իր բնից երկրի երեսը. երրորդ՝ բնագետները, որոնք նաև կարմիր ճիճվի ուսումնասիրությամբ են պարապում. չորորդ՝ ձեր խոնարդ ծառան՝ ճիճուների վերաբերմամբ ձեզ հետ զրուցողը, որ պիտի պատմի ձեզ համար այն զարմանալի բաները, ինչ որ մեր դարի ամենանշանավոր բանգետ հանգուցյալ Չարլզ դարվինն իմացել է կարմիր ճիճուների մասին. իսկ հինգերորդը՝ դուք՝ սիրելի ընթերցողներ:

-Մենք է՞լ…

-Խոսքս մի ընդհատեք… Այո՛, դուք ևս, որովհետև եթե ուշադրությամբ կարդաք այս գրքույկը և մոտիկից ծանոթանաք մեր հերոսի կյանքի ու կենցաղավարության հետ, անկասկած դրանից հետո դուք ևս շատ կհավանեք նրան և մտաբերելիս այլևս թթու դեմք չեք ցույց տա, էլ զզվանք չեք արտահայտի, բացի դրանից ձեզ պատահած ժամանակն էլ խլուրդների ու թռչունների նման թշնամաբար չեք վարվի խեղճ անասունի հետ, ոչ մի վնաս չեք հասցնի նրան:


Բ

Արդեն ասացինք, որ մեր զրույցի առարկա հերոսը շատ էլ գեղեցիկներից չէ: Ահա նկարագրեմ ձեզ նրա արտաքինը.

Կարմիր ճիճվի մարմինը մոտ 100-200 օղակներից է բաղկացած, նրա մարմնի վրա ո՛չ գլուխ է նկատվում, ո՛չ թաթիկներ, ո՛չ տոտիկներ, ո՛չ աչիկներ և ոչ էլ ականջներ, մի խոսքով՝ և ոչ մի գործարան: Միայն եթե խոշորացույցով ուշադրությամբ դիտենք, կտեսնենք որ այդ օղակները պատած են շատ բարակ մազերով, որոնք թեքված են դեպի ետ: Այդ բարակ մազերի օգնությամբ է որ կարմիր ճիճուն կարողանում է առաջ շարժվել: Մարմնի մի ծայրի վրա մի փոքրիկ բացվածք է նկատվում, այդ էլ նրա բերանն է, որ ուժեղ մկաններով սրածայր շևեր՝ ընձյուղներ ունի, որոնցով նա կարողանում է իրեն հանդիպած առարկաները բռնել: Այդ բացվածքը ճիճվի համար թե շրթունքներ են և թե թաթիկներ: Իսկ մարմնի մյուս ծայրին էլ մի ուրիշ բացվածք կա, այդտեղից էլ ճիճուն արտաթորում է իր մարմնի մեջ եղած անպետք նյութերը: Ահա հենց այդ է, ինչ որ կարելի է նկատել ճիճվի արտաքինը դիտելով: Հա՛, մեկ էլ այն, որ նրա ամբողջ մարմինը ծածկված է լորձանյութով, որի պատճառով է երևի որ նաև լպրտուկ է կոչվում:

Առաջ այնպես էին իմանում թե կարմիր ճիճուները բոլորովին կույր են: Ճիշտ է, որ ճիճուները աչիկներ չունեն, բայց նրանց բոլորովին կույր անվանել նույնպես չի կարելի: Ահա՛ թե ինչ է պատմում այդ մասին վերոհիշյալ նշանավոր բնագետ Չարլզ Դարվինը, որ մի քանի անքուն գիշերներ լուսացնելով՝ փորձեր է արել ճիճուների տեսողության վերաբերյալ: Նա դրանցից մի քանիսին բռնել դրել է հողով լիքը ծածկամանների մեջ և բերանները ծածկել ապակյա կափարիչներով:

Չմոռանամ ասելու, որ ճիճուները ցերեկով վախկոտ են և շատ զգույշ, այն ինչ գիշերներով բավական համարձակ են լինում: ցերեկները նրանք թաքնվում են գետնի տակ և առանց դուրս սողալու մնում են նստած իրենց բներում: Բայց հենց որ մութն ընկնում է, կարծեքս ճիճուների օրը նոր է բացվում, անմիջապես դուրս են գալիս իրենց բներից՝ միայն պոչիկները թողնելով ներսը, իսկ մարմնի այն մասը, որ բնից դուրս են բերել, սկսում են շնորհաշուք կերպով տարուբերել և այդ կերպով զվարճանալ թարմ օդով։

Փորձելու համար թե արդյոք ճիճուները կարող են տեսնել, Դարվինը գիշերով վառած լապտերն զգուշությամբ մոտեցրել է նրանց: ճիճուները սկզբում ամենևին ուշադրություն չեն դարձրել այդ անսպասելի լուսավորության վրա, բայց հետո, երբ մի քանի րոպե շարունակվել է լապտերի լույսը, նրանք սկսել են անհանգստություն ցույց տալ և ապա շտապել են մտնել իրենց բները: Սակայն միշտ չէ որ այդպես է եղել, օրինակ՝ երբ նրանք եռանդով զբաղված են եղել ընթրելով և կամ որևէ գործով, այդ միջոցին նրանք ամենափոքր ուշադրություն անգամ չեն դարձրել լապտերի լույսի վրա:

Այդպես՝ համոզվելով որ կարմիր ճիճուները բոլորովին էլ կույր չեն, ինչպես որ ենթադրում էին, Դարվինը կամեցել է նաև փորձել, թե արդյոք լսում է՞լ են: Այդ մասին նա պատմում է հետևյալը.

«Կարմիր ճիճուները իսպառ զուրկ են լսողությունից, որովհետև նրանք ամենաաննշան ուշադրություն իսկ չդարձրին այն մետաղյա սուլոցի սուր ձայներին, որ մի քանի անգամ կրկնեցի նրանցից շատ մոտիկ, նմանապես անտարբեր մնացին թե ամենացածր ձայներին և թե ամենաբարձր բամբերին: Աղաղակի վրա ևս բոլորովին ուշադրություն չեն դարձնում, եթե միայն զգուշացվի որ աղաղակելիս բերանի հուրքը՝ շունչը չդիպչի նրանց: Երբ ճիճուներին դնում էի սեղանի վրա և սեղանը մոտեցնում դաշնամուրին, նրանք կատարելապես հանգիստ էին մնում նույնիսկ ամենազորեղ դաշնակահարության միջոցին»:

Բայց դրա հակառակ՝ մեր գետնաբնակ բարեկամները շատ լավ են զգում իրենց բնակած գետնի նույնիսկ ամենաթույլ տատանումը: Դարվինը բազմաթիվ փորձեր անելուց հետո այդ բանում ևս համոզվել է: Ահա նրա կատարած բազմաթիվ փորձերից մեկը.

«Մեջը ճիճուներ դրած ծաղկամանը դրեցի դաշնամուրի վրա և սկսեցի նվագել: Դաշնակահարության հենց առաջին ձայնից ծաղկամանի բնակիչներն սկսեցին թաքնվել հողի մեջ»:

-Ի՞նչ եք կարծում, ինչի՞ց թաքնվեցին:

-Իհարկե դաշնամուրի ձայնից:

-Ո՛չ, այլ որովհետև նվագելիս դաշնամուրի ծածկոցն սկսեց դողդողալ: Ծաղկամանին ամենաթույլ կերպով հպումն ևս ստիպում է ճիճուներին պահ մտնել:

Բայց լավ է զարգացած կարմիր ճիճուների շոշափողությունը, փչած ամենաբարակ հովը և կամ շատ թույլ հուրքն իսկ անգամ զգում են լորձանյութով պատած մաշկով և իսկույն շտապում են մտնել իրենց բները:

Սակայն նրանց հոտառությունը շատ թույլ է: Դարվինը՝ ամենաընտիր տեսակի հոտավետ յուղեր է մոտեցրել իր սանիկներին՝ կարմիր ճիճուներին, սակայն այդ տարօրինակ արարածները ոչ մի բանով չեն ցույց տվել, որ իրենք որևէ հոտ են զգում: Այն ինչ շատ լավ են զգում սոխի, կաղամբի հոտը, որ անչափ մեծ բավականություն է պատճառում ճիճուներին, որոնք ամնիջապես վրա են ընկնում և ուտում նրանց համեղ թերթերը: Դարվինը փորձի համար կաղամբի թերթեր է պահել հողի մեջ. ճիճուները որոնել գտել են այնպես լավ, ինչպես որսկանի շունը գտնում է որսը: Բացի կաղամբից և սոխից, ճիճուները սիրում են նաև խրեն, նեխուր և ստեպղինի՝ գազարի թերթեր. լավ ուտում են նաև շաքար, օսլա, ճարպ, իսկ երբ ուտելու ուրիշ բան չի լիում, կարիքից ստիպված նրանք բավականանում են միայն հողով և փտած տերևներով:


Գ

Այդ ամենն իմանալուց հետո եթե գոնե մի քիչ համակրություն զարթնեց ձեր մեջ դեպի մեր գետնաբնակ բարեկամները, ապա ուրեմն կարելի է մի փոքրիկ առաջարկություն անել ձեզ: Մի քանի կարմիր ճիճու գտեք և դրեք հողով լի ծաղկամանների մեջ, որոնց բերանները ծածկեցեք ապակյա ծածկոցով և ուշադրությամբ դիտեցեք ձեր գիշերօթիկների կյանքը: Հավատացած եղեք, նրանք կվարձատրեն ձեր այդ աշխատանքը՝ լիուլի բավականություն տալով ձեր հետաքրքրությանն ու հարցասիրությանը:

Սակայն նախքան այդ դեռ պետք է ծանոթանալ ճիճվի տնակի՝ բնի հետ: Բայց դրա համար անհրաժեշտ է, որ գնաք այգի կամ բանջարանոց, ուր ավելի շատ կան դրանցից: Երբ գնաք, ուշադրությամբ նայեք գետնին. այդտեղ ձեր աչքին կնկնեն բադի փետուրի լայնությամբ բազմաթիվ անցքեր, որոնցից մի քանիսը խցված կլինեն տերևներով, իսկ մյուսների վրա հող կլինի լցված: Այդ հողը եթե թիակով զգուշությամբ վերցնեք, կնկատեք, որ այդ անցքը տանում է դեպի բավականին խոր բույն: Ահա հենց այդ է կարմիր ճիճվի տնակը, որի մեջ, ինչպես ասացինք, ամբողջ օրը մնում է նստած՝ վախենալով դուրս գալ Աստծու լույս աշխարհ:

-Ի՛նչ է շինում այնտեղ:

-Ուղիղ ասած՝ իսկապես ոչինչ, այլ այդ րոպեին միայն ձեզանից փախչելու հոգսն է քաշում: Նա սկսում է խոր մտնել հողի մեջ: Իսկ դրանից մի քիչ առաջ՝ քանի որ դուք չկայիք, նա ամենևին բան չէր անում, թե միայն գործ չհամարենք տերևները ծույլ-ծույլ լամլամելը, որոնցով փակված էր բնի անցքը: Ինչպես երևում է այդ տերևները ճիճվի համար թե՛ կերակուրի տեղ են բռնում, և թե դռան տեղ ծառայում: Գիշերով եթե մոտենաք կարմիր ճիճվի բնին, ինչպես որ ասացինք, կտեսնեք որ տանտերը՝ պոչը թողնելով ներսը, մարմնի դուրս բերած մասը մի ներքին բավականությամբ ու նազկթելով տարուբերում է աջ ու ձախ՝ ներշնչելով գիշերային թարմ օդը: Այդ դիրքով նա մի քանի ժամ զվարճանում է, քանի դեռ բոլորովին մութն է լինում, բայց հենց որ նախազգում է լուսանալու առաջին նշանները, անմիջապես սկսում է աշխատանքի անցնել: Եվ լավ է անում, եթե ոչ՛, ապա շուտով կծագի արեգակը, իսկ նրա հետ էլ կզարթնեն նաև թռչունները, և այնուհետև վայը կգա կտանի այն ճիճվին, որ չկարողանա ժամանակին փախչել ու թաքնվել: Բացի դրանից ցրտի վերաբերմամբ ճիճուն շատ դյուրազգաց է, իսկ հայտնի է, որ առավոտներն ավելի ցուրտ է լինում:

Բայց պետք է ասել՝ շատ լավ աշխատել գիտի: Եթե ուշադրությամբ դիտեք, կտեսնեք որ նա ամենայն եռանդով և մեծ հմտությամբ տերևներ է քաշ տալիս դեպի իր բույնը, որոնցով նա դռնակ է շինում իր տնակի համար, որպեսզի թե՛ ցրտից պաշտպանված լինի, և թե՛ առավոտյան պատրաստի նախաճաշ ունենա: Իսկ տերևներ չեղած ժամանակ դռնակը շինում է ուրիշ միջոցով, որի համար շատ կարելի է թե տնազ անեք, եթե իմանանք: Սակայն լավ վերահասու որ լինեք, փոխանակ տնազ անելու, կզարմանաք նրա այդ խելացի հնարագտիության վրա: Այդ նպատակի համար նա մարմինը թեքում է՝ գլուխ դեպի վայր, և սկսում է ամենայն եռանդով աշխատել իր զորեղ մկաններով. մի րոպեից հետո ճիճվի գլուխը բնի մեջ կլինի, իսկ մյուս մասը կմնա բնից դուրս. ահա հենց այդ րոպեից է նա ձեռնարկում իր տնակի դուռը շինելուն: Եվ ճիճուն սկսում է մեծ ջանասիրությամբ հող կուլ տալ, որ մտնելով նրա ստամոքսը և անցնելով աղիներով՝ բոլոր սննդարար մասերը ծծում են ու տարածվում նրա մարմնի մեջ, իսկ անպետք մնացորդները նա դուրս է թափում գետնի երեսը այն անցքով, որ կա իր ետևի մասի վրա: Այդ անպետք մասերը՝ որ բոլորովին հողի նման են ու հողի պես էլ սևագույն, իրար վրա դարսում է ուղղակի բնի անցքի առաջ և… դուռն արդեն պատրաստ է: Դրանից հետո նա շուռ է գալիս բնի մեջ և գլուխը դարձնում դեպի վեր: Հենց այդ դիրքի մեջ էր, որ դուք տեսաք նրան: Ահա՛ այդ պարզ կերպով է անցկացնում ճիճուն իր օրերը:

Բայց այդ երկար չի տևում: Անցնում է ամառը, գալիս է աշունը, ծառերը մերկանում են իրենց տերևներից: Թռչունները երամ-երամ չվում են դեպի հարավ՝ ավելի տաք երկրներ, և այդպես ամեն բան անցնում գնում է, վրա է հասնում ալևոր պապին՝ ցուրտ ձմեռը, հետը բերելով, ինչպես ամենքիս, այնպես էլ խեղճ կարմիր ճիճվի համար՝ հազար ու մի հոգս ու կարիք:


Դ

Ինչպես ամենքդ էլ գիտեք, գետնի վերին շերտում շատ ավելի ցուրտ է, քան նեքին շերտում, ուստի երբ ձմեռը վրա է հասնում, կարմիր ճիճուներն աշխատում են որքան կարելի է խոր մտնել գետնի մեջ, ուր նրանք ընդարձակում, լայնացնում են իրենց տնակը, պատերը սիրուն սվաղում իրենց իսկ արտաթորությամբ, և մեջը պառկում ու քուն մտնում և այդպես մնում մինչև գարուն: Այդտեղ նրանց համար ավելի տաք է և թե ամեն բանով հարմար, իսկ ուտելիքի կարիք չեն զգում, քանի որ թմրած են: Շատ անգամ մի քանի ճիճու իրար են փաթաթվում, մի ընդհանուր կծիկ կազմում ու այդպես ճիտ արած՝ փաթաթորված խոր քուն մտնում, այսինքն՝ թմրում: Խոր քուն մտնելիս այդպես ճիտ անելու պատճառն այն է, որ այդ դիրքով թե ավելի տաք և թե ավելի փափուկ է լինում:
Կարմիր ճիճուները երբեմն գրեթե մեկ մետր խորն են մտնում գետնի մեջ:

Հենց որ գարունը հասնում է, գետինն սկսում է տաքանալ ու նոր կանաչով ծածկվել, ճիճուներն իրենց թմրությունից դուրս են գալիս՝ արթնանում են, և դուրս սողում բներից: Ահա՛ այդ րոպեից նորից սկսվում է նրանց կյանքը, որ թեև լի է ծանր աշխատանքով ու հոգսերով, բայց որ զուրկ չէ նաև քաղցրություններից:

Ինչպե՞ս թե… Այդ չնչին, փոքրիկ արարածը մի՞թե այնքան խելք ունի, որ կարողանա կյանքի քաղցրությունները զգա:

Ճիշտ է, սկզբում անհավատալի է թվում որ այդպիսի մի չնչին արարածը ևս կարող է մտավոր ընդունակություն ունենալ, մանավանդ որ ո՛չ լսում է, ոչ էլ տեսնում, և մինչև իսկ մեծ դժվարությամբ է զանազանում լույսը մութից, սակայն Դարվինը՝ ուսումնասիրելով կարմիր ճիճուների կյանքն ու սովորությունները, եկել է այն եզրակացության, որ ճիճուն ևս մի որոշյալ չափով խելք ունի: Եվ նշանավոր բնագետին այդ եզրակացության բերողը հետևյալ փաստերն են եղել:

Կարմիր ճիճուների վրա փորձեր անելիս՝ Դարվինը նկատել է, որ նրանք սովորություն ունեն իրենց բների անցքը ծածկել փոքրիկ առարկաներով: Այդ նպատակի համար նրանք սովորաբար տերևներ են գործ դնում, իսկ տերև չեղած ժամանակ՝ մանր ղռեճ՝ փոքրիկ քարեր, և կամ թղթի կտորտանք: Դժվար է ասել, թե հատկապես ինչու՞ են ծածկում իրենց բների անցքերը, բայց կարելի է ենթադրել, որ նրանք այդպես են անում, ինչպես վերևն էլ ասվեց, ցրտից պաշտպանվելու համար:

Բների անցքերը սկսում են ծածկել սովորաբար գիշերներով: Այդ աշխատության միջոցին ճիճուները երբեմն բավական ծանր առարկաներ են բարձրացնում. այսպես օրինակ՝ բույնը ծածկող այդ մանր քարերից ամեն մեկը պատահում է որ 21 գրամ ծանրություն է ունենում:

Այդ բանից պարզ երևում է, թե կարմիր ճիճուն այնքան էլ չնչին չէ, ինչպես որ սովորաբար կարծում են, և որ նա՝ իր հասակի համեմատ, շատ ուժեղ է: Սակայն խնդիրը միայն կոպիտ ուժ ունենալը չէ, այլ Դարվինն ուզեցել է նաև իմանալ, թե արդյոք կարմիր ճիճուն խելք ունի՞, թե ոչ: Եվ նա ինքն իրեն այսպիսի հարց է տվել՝ -արդյոք ինչպե՞ս կվարվեր մի բանավոր արարած, եթե կամենար մի նեղլիկ անցքով ներսողացնել այնպիսի առարկաներ, ինչպես որ տերևներն են: Եվ սկսել է այսպես դատել. –Օրինակ՝ եթե մեկը կամենար գլանաձև փոքրիկ խողովակի բերանը խցել այնպիսի առարկաներով, ինչպես որ են տերևները և նրանց կոթերն ու ոստիկները, անշուշտ նա պիտի ներս տաներ այդ առարկաները նախ և առաջ նրանց սրածայր կողմից, իսկ եթե այդ առարկաները շատ բարակ լինեն խողովակի լայնությունից, այդ դեպքում հավանական է, թե այդ առարկաներից մի քանիսը ներս կտանի նաև հաստ կամ լայն ծայրերից: Իսկ ով այդպես վարվի, այդ հաստատ նշան կլինի, թե նրան այդպես անելու դրդողն ու թելադրողը իր մտավոր ընդունակությունն է:

Եվ հենց այդ պատճառով էլ Դարվինը սաստիկ հետաքրքրվում էր իմանալ, թե արդյոք կարմիր ճիճուներն ի՞նչ կերպով են ներս տանում տերևներն իրենց բույնը: Այդ իմանալու համար նա երկու հարյուրից ավելի թառամած տերև է հանել նրանց բներից ու ուշադրությամբ զննել: Քննությունից երևացել է, որ այդ տերևների շատը սրածայր կողմերից են ներս տարվել բույնը: Այդ ներս տարածների մեծ մասը լորու տերևներ են եղել, որոնց հիմքը, այսինքն՝ ներքին մասը, լայն է, իսկ վերևինը՝ սրածայր, ինչպես որ նկարից էլ երևում է:

19035_6ee588c2

Լորենու տերև

Պարզ է, որ այդ տեսակ տերևը նեղլիկ անցքով ավելի հեշտությամբ ներս կտարվի սրածայր կողմով, քան թե նրա լայն հիմքով: Բայց եթե ճիճուներն ուզենային այդ տեսակ տերևները ներս տանել կոթի կողմից, այն ժամանակ տերևի լայն հիմքը դեմ կնկներ բնի անցքի բերանին: Եվ Դարվինը նկատել է, որ ճիճուները լորու տերևները ներս են տարել միշտ էլ սրածայր կողմից, իսկ այդ բանն ապացույց է, որ կարմիր ճիճուները ևս խոհականություն ունեն, այսինքն՝ նրանք ևս մտավոր ընդունակության՝ խելքի տեր են:
Բայց դարվինը միայն այդքանով չի բավաարվել, այլ նա ցանկացել է հաստատ համոզվել որ կարմիր ճիճուները՝ չնայած իրենց ողորմելի արտաքինին, այնուամենայնվ օժտված են մտավոր ընդունակությամբ:

rhododendron-610506_960_720

Մրտավարդի տերև

Այդ նպատակի համար նա Մրտավարդ (ռոդոդենդրոն) անունով բույսի միանման տերևներ է ընտրել, որոնց ներքին մասն ավելի սրածայր է, քան թե վերին մասը: Այդ տեսակ տերևներ բույնը կրելու համար ավելի հեշտ է ներս քաշել նրանց ներքևի կողմից, քան թե վերևի մասից: Եվ եթե այդ տեսակ տերև գտնեն կարմիր ճիճուները, նախքան տերևի որևէ ծայրից դեպի բույնը քաշ տալը, դեռ պետք է աշխատեն տերևի ձևի մասին գաղափար կազմել: Բանից դուրս է եկել, որ ճիճուները հենց այդպես էլ անում են, նրանք Մրտավարդի տերևները ներս են քաշում հիմքի կողմից՝ ներքին ծայրից, որովհետև, ինչպես նկարից երևում է, այդ կողմն ավելի սրածայր է: Առհասարակ կարմիր ճիճուները շատ լավ են վճռում այն հարցը, թե այս կամ այն տերևը բույնը տանելու համար ինչպես է ավելի հարմար: Իսկ երբ տերևը հիմքից քաշենք, նրանք ստիպված են լինում իրենց սովորության հակառակ գործել: Այդ դեպքում հետաքրքիրն այն է, որ ճիճուները գրեթե կույր լինելով՝ էլի մի կերպ կարողանում են լույսը մութից զանազանել, բայց անձեռնհաս են առարկաները որոշել, ուստի՝ որպեսզի կարողանան տերևի ձևի մասին որոշ պատկերացում կազմել, նրանք պետք է շոշափեն: Եվ ճիճուները հենց այդպես էլ անում են նախքան տերևն իրենց բույնը տանելը:


Ե

Կարմիր ճիճուն՝ զուրկ լինելով երևէ արտաքին գործարանից, իր համար տնակ փորելիս հարկադրված է շատ աշխատել:

Եթե գետինը փափուկ է, ճիճուն ուղղակի գլխի կողմով ծակում է հողը՝ տեղնուտեղը արագ-արագ պտտվելով գչիրի նման: Այդ ձևով նա բավական շուտ է փորում, այն է՝ մի քառորդ կամ կես ժամում: Սակայն մեր պստլիկ հերոսի աշխատանքն այդպես հեշտությամբ չի հաջողվում, եթե գետինը կարծր է, այսինքն՝ շատ պինդ: Վերջին դեպքում ճիճուն հետևյալ ինքնուրույն միջոցն է գործ դնում. նա սկսում է ամենայն եռանդով հող կուլ տալ, մինչև որ աղիքները լավ լցվեն, որից հետո մեր փոքրիկ գետնափորը դուրս է սողում և այդտեղ արտաթորում կուլ տվածն ու կրկին վերադառնում նոր բեռի համար, և այդպես փորվածքի համեմատ նա հետզհետե ավելի ու ավելի խորն է մտնում գետնի մեջ:

-Դե հիմա ուղիղն ասացեք, այդ կերպով ու այդ ձևով իր համար ճանապարհ հարթելով բույն շինելը մի՞թե հետաքրքիր չէ:

-Խաչը վկա որ հետաքրքիր է:

-Հապա ուրիշ ի՞նչ անեն խեղճ անասունները, քանի որ փորելու համար բացի բերանից ու աղիքներից էլ ուրիշ բան չունեն, ո՛չ թաթիկներ, և ո՛չ տոտիկներ: Բայց պետք է նշել նաև այն, որ այդ կերպ վարվելով նրանք երկու նպատակի են հասնում. առաջինը՝ որ իրենց համար բույն են պատրաստում, երկրորդն էլ, որ գետնի մեջ գտնված պետքական նյութերից սնունդ են ստանում:

Դաշտում, այգու մեջ կամ բանջարանոցում տեղ-տեղ հողի բավական մեծ կույտեր են լինում, որոնց բարձրությունը երեք բթաչափից ավելի է, իսկ տրմագիծը, այսինքն՝ լայնությունը՝ մոտ մի բթաչափ: Այդ կույտերը կարմիր ճիճուների արտաթորություններին են, որոնք սովորաբար փոքրիկ աշտարակի տեսք են ունենում: Ահա՛ այդ տեսակ կույտից մեկը պատկերված է նկարում:

news_wormcasts

Կարմիր ճիճվի արտաթորությունից գոյացած աշտարակ

Այդ կույտի ներսից մի ճանապարհ է անցկացրած, որ վերջավորվում է աշտարակի վերև մի բացվածքով: Կարմիր ճիճուն ահա այդ ճանապարհով է դեպի վեր կրում իր աղիքների մեջ ժողված հողը: Աշտարակի գլխից այդ ուղին ձգվում է մինչև ճիճվի ստորերկրյա բույնը:

Ինչպես արդեն ասացի, ճիճվի բույնը մի մետր և երբեմն էլ դրանից ավելի խորն է լինում շինված, հետևապես կարող եք երևակայել, թե որքան չարքաշ աշխատանք, ինչ ուժ և որքան եռանդ պետք է գործ դնի այդ չնչին արարածը, որ կարողանա այդքան խորության մեջ իր համար բույն շինել:

Կարմիր ճիճուները երբ իրենց բները փորում վերջացնում են, այնուհետև սկսում են այդ բների պատերը մեծ խնամքով սվաղել կերմակ՝ բոլորովին մանր, հողի շերտով, որ նրանք արտաթորում են իրենց մարմնից:

-Այդ ինչի՞ համար են այդպես անում:

-Որովհետև այդպես սվաղած՝ սրած պատերն ավելի դիմացկուն են, և նրանց քնքուշ մորթին ազատ է մնում փոքրիկ սուր-սուր քարերից ճանկռվելուց, որոնցից շատ կա գետնի մեջ: Երբեմն էլ սվաղելուց հետո պատերին տերևներն են փակցնում, որ ճիճվի համար նույնն է, ինչ որ մեզ համար մեր սենյակների պաստառները:

Ճիճուների բների բոլորովին ներքին մասը, այսինքն ամենափոքր տեղը, ավելի ընդարձակ է լինում, այդ մասը բնակիչների ննջարանն է և միևնույն ժամանակ ձմեռանոցը: Իսկ մենք գիտենք, որ ձմեռն սկսվելուն պես ճիճուներն այդտեղ են խորասուզվում և քույր ու եղբոր պես քուն մտնում՝ թմրում մինչև գարուն:

Կարմիր ճիճուներն իրենց ննջարանը սովորաբար սալահատակում են մանրիկ քարերով և կամ ամրացնում զանազան բույսերի սերմերով: Երևի այդ էլ նրանց համար նույնն է, ինչ որ մեզ համար մեր տների տախտակամածը, որ մեզ պաշտպանում է գետնի խոնավությունից:

-Ի՜նչ խելոք են այդ պստլիկ արարածները:

Այո՛, ճշմարիտ որ խելոք են, և չնայելով նրանց այդպես պստիկ լինելուն ճիճուները իրենց այդ գործերով ահագին օգուտ են բերում նաև մարդկանց:

Սամղոսերգու Դավիթ մարգարեն՝ կամենալով մարդուս ոչնչությունը ցույց տալ, իր երգերից մեկի մեջ ասում է. «Ես մի չնչին որդ եմ»:

Բայց որդը՝ կարմիր ճիճուն այնքան էլ չնչին չէ, ինչպես որ կարծում են շատերը, որովհետև եթե ճիճուները չլինեին, շատ հնարավոր է, որ մարդիկ սովից մեռնեին, և մեր բույսերով ծածկված մարգագետինները, դաշտերն ու խոտավետ արոտատեղիները մերկ անապատներ դառնային՝ զուրկ ամեն տեսակ բուսականությունից:
Այո՛, այդ ասածներս կարող են զարմանալի թվալ ձեզ, բայց և այնպես շատ ճշմարիտ են: Եվ ահա թե ինչու՛:

Մի կողմը թողնելով ուրիշ ազգությունները, մեր ազգը, որ հիմա մոտ հինգ միլիոն է, դրա փոքրամասնությունն է միայն վաճառականությամբ, արհեստներով և այլ աշխատանքներով պարապում, այն ինչ ազգիս մեամասնությունը պարապում է հողագործությամբ՝ երկրագործությամբ, այսինքն՝ հացաբույսեր և առավելապես ցորեն մշակելով է ձեռք բերում իր ապրուստը՝ գլխավորապես հացը, որ նաև ամենքիս անհրաժեշտ սնունդ է կազմում: Այդ հացն ստացվում է ալյուրից, այսինքն՝ աղացած ցորենից, իսկ ցորերնը աճում է երկրի վրա: Բայց որպեսզի հարկավոր քանակությամբ ցորեն աճի, պետք է հերկել՝ երկիրը վարել:

-Իսկ գիտե՞ք արդյոք, թե ո՞վ է գլխավոր և ամենաժրաջան հերկողը:

-Ինչպես չգիտենք, երկրագործը:

-Ճիշտ է, երկրագործն է, բայց նա մենակ չէ, այլ մի ուրիշ ընկեր ևս ունի, որ իրենից ավելի լավ հողագործ է:

-Ո՞վ է այդ:

-Ո՞վ, կարմիր ճիճուն:

-Բայց մի՞թե այդ կարմիր ճիճուն, այդ լպրտուկը…

-Այո՛, այո՛, ուրիշ ո՛չ ոք, այլ այդ՝ ըստ երևույթին չնչին, տեսքով անճոռնի ու զզվելի ճիճուն, որին ամենքն արհամարում են, որից ամենքը՝ չգիտեմ թե ինչու, զզվում են, և նույն իսկ ինքներդ ևս մեղք չեք համարում՝ ձկներին հրապուրելու համար ձեր կարթի ծայրին անցկացնել, և շատ անգամ էլ ձեր ոտքի տակ ընկած ժամանակ, առանց խղճահարվելու, տրորել ու անցնել, մի րոպե անգամ չմտածելով, որ դուք ձեր այդ անխիղճ արարքով նախ վնասում եք խեղճ երկրագործին՝ սպանելով նրա ամենաընտիր օգնականին, և երկրորդ՝ ձեզ, քանի որ երկրագործի արյուն-քրտինքով մշակած հացն է, որ վայելում եք ամեն օր:


Զ

Աչքի առաջ ունենալով բոլոր վերը ասածները, ես հավատացած եմ որ դուք այժմ շատ եք հետաքրքրվում գիտենալ, թե այդ չնչին արարածն ինչպե՞ս կարող է հերկել:

Բայց ձեզ հետաքրքրող հարցի պատասխանն տալուց առաջ, ես կփափագեի դեռ ձեզ հարցնել, թե արդյոք երկիրը հերկել կամ հողը վարել ասելով ի՞նչ եք հասկանում, և թե ինչու՞ համար են հերկում երկիրը:

-Չգիտե՞ք… Բան չկա. ուրեմն լսեցեք, ես ասեմ թե ինչու՛.

-Երկիրը հերկում են, որպեսզի հողը փափկի ու փխրուն դառնա և նրա վերին ու ներքին շերտերն իրար խառնվեն, որովհետև այդ տեսակ իրար խառնված, փափուկ ու փխրուն հողի մեջ ավելի հեշտությամբ է ծծվում ջուրը և օդն ավելի լավ է թափանցում: Իսկ դուք էլ գիտեք, որ օդն ու ջուրը ամենաանհրաժեշտ և ամենակԱրևոր բաներն են, ինչպես ամենքի ու ամեն բանի համար, այնպես էլ սերմերի համար, առանց օդ ու ջրի սերմերը ոչ կծլեն, ոչ կծաղկեն և ոչ էլ մեր ցանկացած պտուղը կտան:

-Ուրեմն երկիրը նրա համար են հերկու որ հողը իրար խառնվելով փափկի ու փխրունանա, որպեսզի առատ բե՞րք տա:

-Այո՛, հենց դրա համար:

-Բայց չէ՞ որ երկիրը հերկելու համար գութան կամ արոր է հարկավոր:

-Իհարկե, բայց հո ճիճվի խելքն այնքան չի կտրում, որ իր համար գութան կամ արոր շինի, և նույնիսկ եթե խելքը հասներ էլ այդ բանին, առանց ոտք ու ձեռք ունենալու ինչպե՞ս պիտի շիներ այդ գործիքները և ինչպե՞ս գործադրեր: Բայց հետաքրքիրն էլ հենց այդ է, որ չնայելով մեր չափազանց մեծությանը՝ համեմատելով մեզ ճիճվի հետ, մենք առանց գութան-արորի չենք կարողանում յոլա գնալ, այն ինչ այդ չնչին արարածը յոլա է գնում ոչ միայն առանց գութան-արորի, այլև առանց ոտ ու ձեռի:

Ճշմարիտ է ասած, թե կարիքը մարդուն հնարագետ է դարձնում: Ճիճուների ամբողջ կազմվածքը շատ պարզ լինելով, նրանք շատ հասարակ կերպով են վարվում նաև այս դեպքում, իսկ թե ինչպե՞ս, այդ ձեզ մասամբ հայտնի է վերևի պատմածից:

Կարմիր ճիճուները երբ կամենում են իրենց համար բուն շինել, նրանք, ինչպես տեսաք, սկսում են ամենայն եռանդով հող կուլ տալ, որ մարսելով՝ միջի սննդարար մասերը յուրացնում են, իսկ անպետք մնացորդը դուրս բերում երկրի երեսը և այդտեղ իրար վրա դարսում, որ հետո շաղ է անցնում, այսինքն ցրիվ է գալիս:

Ահա՛ այդպիսով երկրի ներքին շերտը խառնվում է վերին շերտի հետ: Այս էլ կա որ նրանց աղիներով անցած հողը շատ է մանրվում և փխրունանում, որով ավելանում է հողի աճեցողությունը: Բայց դեռ այդ բոլորը չէ:

Կարմիր ճիճուներն ուտելով վայր թափված տերևները, մարսում են և փոխարենն իրենցից արտաթորում բոլորովին պատրաստի և ամենաբերրի սևահող, որի վրա շատ լավ են աճում ամեն տեսակ բույսեր և մանավանդ հացահատիկներ՝ ցորեն, գարի, հաճար և այլն:

Դիտված է, որ ինչ որ տեղ շատ կա կարմիր ճիճու, այնտեղ հողը միշտ բերրի ու առատաբեր է լինում, եթե որ բնական պատահար՝ արաշտություն, կարկուտ, մորեխ և այլն չի պահանջում:

Ամեն տեսակ հող՝ նախքան ագավանդ, այսինքն՝ բերրի դառնալը և բուսականությամբ ծածկվելը, ոչ թե մի կամ երկու, այլ շատ և շատ անգամ է մտնում ճիճուների ստամոքսը և աղիների միջով անցնելով դուրս գալիս:

Իհարկե թե՛ զարմանալի է, և թե՛ անհավատալի, որ ճիճվի պես փոքրիկ, չնչին կենդանին կարողանա այդպես օգտակար գործ կատարելով մարդկանց մեծ ծառայություն մատուցել, բայց այս կա, որ երկրի մեջ գտնված կարմիր ճիճուների թիվն այնքան մեծ է, որ կարծես ստորերկրյա մի զորաբանակ լինի:

Դաշտի յուրաքանչյուր քաղակուսի մետր տեղի վրա բնակվում են ամենաքիչը երեք հատ ճիճու, այգում երկու անգամ ավելի է դաշտում եղածից: 2400 մետր քառկուսի դաշտի վրա ապրում են մոտավորապես 300 հազար ճիճու, որոնք մի տարվա ընթացքում չորս տոննայից ավելի հող են դուրս ձգում, որ յուրաքանչյուր քառակուսի մետր տեղին մեկ կգ է գալիս:

Դարվինը հաշվել ու իմացել է որ կարմիր ճիճուների արտաթորություններից ամեն հինգ տարում մի բթաչափ (դյույմ) հաստություն ունեցող հողի շերտ է գոյանում երկրի վրա, որ չորանալուց հետո հիանալի սևահող, այսինքն՝ լավ վարելահող է դառնում:

Մի դարում ճիճուների արտաթորություններից կազմվում է արգավանդ հողի մի շերտ, որի հաստությունը հավասար կես մետրի:

-Բայց ճիճուները որտեղի՞ց են վերցնում այդ արգավանդ հողը, որ նրանք դուրս են բերում երկրի երեսը:

-Էլի միևնույն հողից, որ ասել է թե նրանք հողի քանակությունը չեն ավելացնում, այլ միայն նրա վերին ու ներքին շերտերն են իրար խառնում, որ նույնն է թե հերկում են, այսինքն՝ փափկացնում ու փխրունացնում են հողը:


Է

Ասացինք որ կարմիր ճիճուները արտաթորության միջոցով ամեն հինգ տարին մեկ անգամ ներքևից վերև բերված հողի հաստությունը հավասար է մի բթաչափի (դյույմ): Այդ նշանակում է հարյուր տարվա ընթացքում այնքան հող է կրվում ներքևից վերև, որ երկրի ամենաստորին շերտերը խառնվում են ամենավերի շերտերի հետ, ասել է թե 100 տարվա ընթացքում ակարմիր ճիճուները շատ և շատ անգամ են երկիրը հերկում այնպես, ինչպես որ գութանով մենք կարող ենք հերկել միայն մի անգամ, եթե որ հնար լիներ գութանով պատռել հողի կուրծքը երեք քառորդ արշինաչափ հողը: Բայց ընդհանրապես գութանը մտնում է հողի մեջ ընդամենը կեզ մետր և կամ դրանից մի քիչ ավելի: Այդպիսի հաստությամբ հողի մի շերտ կարմիր ճիճուները կարող են հերկել 34 տարվա ընթացքում:

Իսկ այդ բաները շատ պարզ ապացույց են, թե գլխավոր հերկողը՝ գետինը վարողը ոչ թե երկրագործն է, այլ այն չնչին արարածները՝ կարմիր ճիճուները, որոնց անարդարացի կերպով, կամ ավելի ուղիղն ասած՝ մի թյուրիմացությամբ ամենքդ էլ արհամարհում եք:

Եվ ուղիղ որ՝ աշխատասեր արկրագործը իր գութան-արորով երբեք չէր կարող հասնել այնպիսի խորության, որին հասնում են կարմիր ճիճուները, թեպետև վերջինների համար անհրաժեշտ է ամբողջ դարեր աշխատել անդադրում:

Դրանից էլ այն է դուրս գալիս, որ եթե հարկավոր լիներ 34 տարին մեկ անգամ ցանել, ապա ուրեմն երկրագործը կարող էր հողը չհերկել, այլ ամենայն վստահությամբ իր հույսը դնել կարմիր ճիճուների վրա: Հետևապես եթե արդարությամբ դատեք, կխոստովանեք, որ ճիճուների նման փոքրիկ արարածների համար այդ էլ  շատ և շատ է, և որ բոլորովին ի զուր և անարդարացի կերպով արհամարված այդ չնչին կենդանիները դատարկ, անմիտ ու աննպատակ բաների վրա չեն ծախսում իրենց ժամանակը, ինչպես որ մարդկանցից շատերը:

Ի հարկե դուք ամենևին չէիք էլ երևակայում, որ կարմիր ճիճուներն այդպես լավ նեցուկ, այսինքն ընտիր օգնականներ են երկրագործին:

Սակայն բացի վերև ասածներից էլի շատ զարմանալի բաներ կարելի է պատմել կարմիր ճիճուների կատարած գործերից:

Օրինակի համար տարեք մի քար դրեք արոտի համար որոշված մի մարգագետնի վրա և թողեք մնա այնտեղ, միայն թե դրած տեղը միտներդ պահեցեք որ չմոռանաք:

Եթե դուք մի քանի տարուց հետո գնաք նույն տեղը, ձեր դրած քարը չեք գտնի, որը քիչ զարմանք չի պատճառիի ձեզ, քանի որ քարը ոչ թևեր ուներ որ թռչեր և ոչ ոտներ որ փախչեր, ուրեմն ու՞ր կարող էր կորչել:

Բայց գուցե դուք ավելի զարմանաք, եթե ասեմ որ ձեր դրած քարը ոչ թռել է և ոչ փախել, այլ մտել է հողի մեջ, կամ ավելի ճիշտն ասած՝ կարմիր ճիճուները նրան թաղել են հողի տակ, իսկ քարը դրած տեղի վրա միայն մի փոքրիկ թմբիկ է գոյացել, որ ծածկված է սիրուն կանաչ խոտով:

-Կարմիր ճիճուներն ինչպե՞ս կարող էին քարը թաղել հողի տակ, որ իրենցից շատ և շատ ծանր է:

-Այդ հարցի պատասխանը Դարվինն արդեն տվել է: Ահա թե ինչ է ասում նա այդ մասին.

«Եթե որ անհարթ ձևի մի քար գցվի գետնին, նա կհենվի երկրի մակերևույթի վրա անպատճառ իր աչքի ընկնող մասերով: Մի կարճ ժամանակամիջոցից հետո կարմիր ճիճուներն իրենց արտաթորությամբ կլցնեն քարի ներքին մակերևույթի բոլոր դատարկ տեղերը՝ փոսիկները, որովհետև ճիճուները շատ են սիրում քարի պաշտպանության տակ ապրել: Երբ այդ փոսիկները լցվում են, այնուհետև ճիճուներն սկսում են իրենց կուլ տված հողն արտաթորել նաև քարի սահմաններից դուրս, ահա՛ այդպիսով քարի շրջապատի, այսինքն չորս կողմի տարածությունը, հետզհետե սկսում է բարձրանալ: Եվ որովհետև ճիճուների բներն ուղղակի քարի տակին են, ուստի ժամանակի ընթացքում հողը վայր է նստում՝ խոր է գնում, որից և քարը նույն չափով խոր է գնում, այսինքն նույնպես վայր է նստում»:

Դարվինն այդ ասածներից կարծեմ հասկանալի է, թե վերջն ի՞նչ պիտի լինի:

Քարը յուրաքանչյուր տարի հետզհետե քիչ-քիչ վայր նստելով, ավելի և ավելի խորն է գնում, իսկ վերևից և կողքերից ծածկվում է ճիճուների արտաթորությամբ, որից և՝ մի որոշյալ ժամանակակից հետո, կկազմակերպվի այն բերրի հողի թմբիկը, ուր քարն էր դրված:

worsthorne-hill-stone-circle1-1x1

Կարմիր ճիճուները՝ բացի քարից, ճիշտ այդ միևնույն կերպով են վարվում նաև ամեն տեսակ մեծ ու փոքր առարկաների հետ, որ ընկած են լինում երկրի երեսեին: Գետինը պեղելիս շատ է գտնվում քարեղեն գործիքներ, այն է՝ քարե կացիններ, նետերի ծայրեր և այլն: Այդ գյուտերից շատերն ով գիտե թե մեզանից քանի հազար տարի առաջ ապրած մարդկանց թողած բաներ են, որ ճիճուները՝ իրենց բնածին սովորությամբ թաղել են գետնի մեջ, որպես մեր նախնիններից մնացած հիշատակ հետնորդներիս, այսինքն՝ մեզ:

Դուք ամենքդ էլ գուցե նկատած լինեք, թե ինչպես շուտ վայր են նստում ու գետնին հավասարվում գերեզմանաքարերը և հաճախ էլ բոլորովին ծածկվում ու անհայտանում: Փորձի համար եթե մի այդպիսի քար հանեք գետնից, իսկույն կիմանաք, թե ովքեր են եղել այդ քարի անհայտանալու պատճառը:

-Չլինի՞ թե էլի կարմիր ճիճուները:

-Այո՛, էլի նրանք: Այդպես թաղված քարը երբեմն ծածկվելով հողի շերտով, վրան սիրուն խոտ ու ծաղիկներ են աճում, այնպես որ շատ անգամ որոշում ենք մեր սիրելի հանգուցյալների գերեզմանները գտնել:

Բայց դեռ այդ այնքան էլ ոչինչ, որ կարմիր ճիճուները հողը փորելով ու հետզհետե վայր նստեցնելով թաղում են գերեզմանաքարեր, կացիններ, նետեր ու զանազան մանր-մունր բաներ, այլ նրանք կարողանում են գետնի մեջ թաղել ու անհայտացնել մինչև անգամ ամբողջ շինություններ:

-Ամբողջ շինություննե՜ր…

-Այո՛, ամբողջ շինություններ… Հիրավի զարմանալի է: Եվ ահա՛ թե ինչ է պատմում Դարվինը կարմիր ճիճուների կատարած այդ տեսակ քաջագործությունների մասին.

«1976թ. աշնան վերջերին էր, մի հին դաստակերտի գավիթում պեղումներ կատարելիս, այսինքն՝ գետինը փորփրելիս աշխատող բանվորների բահերի ու թիերի տակից հետզհետե սկսեցին զանազան առարկաներ երևան գալ: Այդ գյուտերը շարժեցին կալվածատիրոջ հետաքրքրությունը, ուստի նա հրամայեց այդ տեղին մոտիկ գտնված և դեռևս վչարած տափի մեջ մի մեծ ջրանցք փորել: Այդտեղ էլ բանվորները բետոնի շերտի են հանդիպել որ տեղ-տեղ ծածկված է եղել փոքրիկ ու կարմիր կղմինդրներով և երկու կողմից սահմանափակված կիսափուլ ավերակ պատերով:

Հաստատ է, որ այդ գտնված շինությունը մի ամառանոցի ընդունարանի մեկ մասն է, որ կառուցել են մեզանից 1500 տարի առաջ այդտեղ ապրող հռոմեացիները: Պեղումը շարունակելով՝ դարձյալ երևան են եկել մի երկու-երեք սենյակի պատեր, բազմաթիվ ամանեղեն ու զանազան առարկաների բեկորներ, ինչպես նաև հռոմեական կայսրերի ժամանակվա հատած դրամներ և այլն, և այլն: Այդ դրամների վրա փորագրված թվականներից հաստատապես կարելի է ենթադրել, որ գտնված շինությունը երկար տարիներ անբնակ է եղել, և հավանական է թե վերջնականապես ավերվել ու աչքաթող է արվել մեզանից 1400 կամ 1500 տարի առաջ:

Կամենալով իմանալ ահագին շինության խորհրդավոր կերպով անհայտանալու պատճառը սկսել են ուշադրությամբ հետազոտել այդ շենքի հատակը և գտել են կարմիր ճիճուների անթիվ ու անհամար բներ, որոնց բնակիչները կղմինդրների տակից սկսել են դուրս հանել իրենց գլուխները, ասես թե մեր այդ հետաքրքրական հնախույզները այդ կերպով կամեցել են իրենց զարմանքն արտահայտել, որ մարդիկ՝ իրենց խաղաղ ճանապարհով ընթացող կյանքի դեմ խոչընդոտներ են հանում։

Կամ էլ նրանք այդ ձևով ուղղակի բողոքելիս են եղել, որ չար մարդիկ՝ այս կամ այն նպատակի համար խանգարում են իրենց կանոնավոր ընթացող կյանքը: Երևի կարմիր ճիճուները ևս իրենց չնչին տեղովը հասկանում են, որ ամեն մի անարդարության դեմ անհրաժեշտ է բողոքել»:


Այդպես ուրեմն՝ մենք տեսանք, թե ինչ հրաշքներ են գործում այդ չնչին համարված կարմիր ճիճուները, որոնք իրենց համար ահագին դահլիճներ են կառուցում, փոքրիկ քարերով էլ սալահատակում, նախասենյակներ շինում, տան պատերը սիրուն սվաղելուց հետո վրան պաստառներ կպցնում, և առանց ծուլության, անդադրում աշխատելով էլ փորում են հողը և զանազան մեծության առարկաներ անհայտացնում, նույն իսկ ամբողջ շինություններ թաղում գետնի մեջ: Իսկ այդ բոլորն անելով նրանք հիանալի կերպով փխրացնում են հողը, այսինքն՝ հերկում են գետինը և արգավանդ ու բերրի դարձնում մեր վարելահողերը, մեր այգիներն ու բանջարանոցները, որոնցից այնքան և այնքան օգուտ ենք ստանում ամենքս էլ:

-Դե հիմա ճշմարիտն ասացե՛ք, սիրելի ընթերցողներ, կարմիր ճիճուների մասին վերի բոլոր ասածներն իմանալուց հետո արդյոք էլի՞ կարհամարհեք նրանց, և չէ՞ք ամաչի, չէ՞ք կարմրի՝ պարծենալով նրանց մոտ ձեր կատարած այս կամ այն գործով:

Եթե մինչև այսօր այդպիսի մեծամտություն եղել է ձեր կողմից, հուսալի է թե էլ այսուհետև չի կրկնվի, քանի որ դուք ինքներդ տեսաք և համոզվեցիք, թե ինչ ու ինչ գործերի են ընդունակ այդ չնչին համարված փոքրիկ արարածները, և թե ինչ հաստատուն և հուսալի նեցուկ ու օգնականներ են մեր աշխատասեր երկրագործներին, որոնք արյուն-քրտինք թափելով մեզ համար հաց են մշակում ամեն տարի:

Բայց միայն այդքանը բավական չէ ձեր կողմից, այլ դուք պարտավոր եք ձեր այդ բոլոր գիտեցածները պատմել ու բացատրել նաև չիմացողներին, որպեսզի նրանք ևս դադարեն կարմիր ճիճուներին արհամարհելուց ու անգթօրեն հալածելուց, որ նրանք ևս սիրեն, քաղցր աչքով նայեն այդ օգտակար կենդանիների վրա և միշտ էլ բարեկամաբար վարվեն հետները:

Թիֆլիս, 1896թ.

Այլ նյութեր