Արհեստական բանականությունը այլմոլորակային կյանք կփնտրի

Էկզոմոլորակների որոնման համար, որոնք կարող են բնակեցված լինել, գիտնականները ստիպված են մեծ քանակությամբ ինֆորմացիա մշակել: Այդ պատճառով՝ այլմոլորակային կյանք որոնելու համար կկիրառվի արհեստական բանականություն:

Աստղագետները Արեգակնային համակարգի սահմաններից դուրս առաջին մոլորակները հայտաբերել են դեռ 1990-ական թվականներին: Մինչ օրս գիտնակաները հայտնաբերել են ավելի քան 3400 էկզոմոլորակ: Հիմա նրանք ուզում են պարզել, թե այդ տիեզերական մարմիններից, որոնք են կարող  պոտենցիալ բնակեցված լինել: Բայց մեկ մոլորակի տվյալների մշակումը մարդկանցից օրեր է խլում, անգամ՝ շաբաթներ: Իսկ երբ նոր՝ ավելի մեծ աստղադիտակներ ստեղծվեն, նրանք այնքան շատ ինֆորմացիա կտան, որ գիտնականները չեն կարողանա դրանք ձեռքով մշակել: Ահա թե ինչու են Լոնդոնի համալսարանական քոլեջի ուսումնասիրողները ստեղծել RobERt-ը՝ արհեստական բանականությունը, որը կարող է մշակել խոր տիեզերքից եկած տվյալները, որպեսզի մոլորակի բնակեցվածության նշաններ հայտնաբերի՝ մեծ արագությամբ, որը մարդկանց համար անհնար է:

Ինչպե՞ս: Շատ պարզ: Մոլորակները մոտակա աստղի լույսի մի փոքր մաս են անդրադարձնում: Երբ լույսն անցնում է մթնոլորտով, տարբեր գազեր կա՛մ կլանում են այն, կա՛մ էլ թույլ են տալիս անցնել միայն որոշակի հաճախականության ալիքներին: Գիտնականները այդ սպեկտրի միջոցով կարող են պարզել մթնոլորտի բաղադրությունը, նաև այն, թե կարող է այնտեղ այմոլորակային կյանք գոյություն ունենալ, կամ թե, կարող են ապագայում այնտեղ Երկրացիներ ապրել:

RobERt-ն, որը նշանակում է՝ էկզոմոլորակների ճանաչում՝ ռոբոտի միջոցով (Robotic Exoplanet Recognition), կարող է անալիզի ենթարկել սպեկտրը մի քանի վայրկյանների ընթացքում: Արհեստական բանականությունը հիմնված է երրորդ մակարդակի նեյրոցանցերի վրա, որոնք աշխատում են մարդու ուղեղի նման (համենայն դեպս՝ ուղեղի մասին մեր ներկայիս գիտելիքներին համապատասխան):

Տվյալները անցկացվում են սիլիցիումե «նեյրոնների» բազմաթիվ շերտերով, որտեղ ամեն մեկը ճշտում է տվյալները, մինչև հասնի, ըստ ԱԲ կարծիքի, ճիշտ պատասխանին, RobERt-ի պարագայում՝ ինչ գազեր կան ուսումնասիրվող սպեկտրում:

Ինչպես և մարդու ուղեղը, երրորդ մակարդակի նեյրոցանցը սովորում է փորձերի և սխալների ճանապարհով: Այդ պատճառով էլ գիտնականները RobERt են մուտքագրել 85000 հատուկ ստեղծված սպեկտրեր: Փորձարկումների ժամանակ ԱԲ-ն գազային խառնուրդի բաղադրությունը որոշում է 99,7% ճշգրտությամբ, անգամ եթե գիտնականները նրան տալիս էին ոչ ամբողջական կամ էլ խանգարված ազդանշանի պատճառով կորսված տվյալներ:

Պոտենցիալ բնակեցված մոլորակների որոնումը միայն սկիզբն է: RobERt-ը և նրա արագ անալիզը կարող է օգնել գիտնականներին պարզել, թե ինչպես են ձևավորվել աստղային համակարգերը՝ ներառյալ մերը:

Աղբյուր՝ «Популярная механика» ամսագիր

Այլ նյութեր